ՀՅԴ Բյուրո. Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։
Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացահայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին։
Քաղաքական հետապնդումների թիրախում են հատկապես ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնությունների ու քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արվում կոտրել հայրենիքի փրկության համար սկսված պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծված բռնաճնշումները ավելի են խորացնելու այդ ճգնաժամը։
Այսու, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում հանուն հայրենիքի և արժանապատվության պայքարի դրոշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանություններին եւ նրանց կամակատար ուժային կառույցներին հորդորում ենք մնալ օրենքի և օրինականության շրջանակներում։
Հիշեցնում ենք, հայրենիքի և ազգի ազատագրության, Հայաստանում հայ մարդու և քաղաքացու ազատ և արժանապատիվ կյանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ ՀՅԴ 130 տարվա պատմությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
- Վաղը ՀՅԴ-ն հրավիրում է դատախազության շենքի առջև բողոքի ակցիայի
- Արծվիկ Մինասյան. Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ
- Մենք իրավունք չունենք լռելու, մենք պետք է պայքարենք․ Արծվիկ Մինասյան