Ագարակի բալն արդեն վաճառում են, իսկ Ջրային կոմիտից հասել են հարցումը գրավոր ուզելու փուլին
Ապրիլի 16-ին Panorama.am-ի խմբագրությունը Սյունիքի մարզի Ագարակ համայնքի բնակիչներից բողոք էր ստացել ոռոգման թեժ շրջանում ջրի խողովակի վնասման ու այն չվերանորոգելու մասին։
Panorama.am-ի լրագրողը բնակիչների բողոքները լսելուց հետո նույն օրը՝ մինչ հրապարակումը պատրաստելը բանավոր հարցեր ուղղեց կոմիտեին։ Խոստացան քիչ անց պատասխանել, ապա խնդրեցին հարցերը գրավոր ձևակերպել ու կոմիտեի մամուլի հետ աշխատող մասնագետնին ուղարկել «messenger» հավելվածի միջոցով։
Աշխատանքային օրվա գրեթե ավարտին հրապարակումը պատրաստ էր, կոմիտեից դեռ պատասխան չկար։
«Ոռոգման ջուրը չեն տալիս, Ագարակի թուզն ու նուռը՝ վտանգի տակ» վերնագրով նյութը հրապարակվեց, Panorama.am-ը խոստացավ կոմիտեից հարցերի պատասխանը ստանալուն պես հրապարակել։
Ապրիլի 21-ին հարցմանը չպատասխանելու հիշեցմանն ի պատասխան կոմիտեից հայտնեցին. «Քանի որ էդ մասով նաև հարցում է եկել Կոմիտե, հետևաբար ուղարկել ենք միասին Սյունիք ՋՕԸ պաշտոնական պատասխան ստանալու համար։ 5 օր է սահմանված ձեզ պատասխանելու համար»։
Ապրիլի 30-ին հարցմանը չպատասխանելու մասին հիշեցմանն ի պատասխան մայիսի 3-ի առավոտյան կոմիտեի աշխատակիցն ուղարկում է հեռախոսահամար՝ խնդրելով զանգահարել դրան։ Մամուլի հետ աշխատող մյուս մասնագետը տեղյակ էլ չէր հարցերի մասին։
Ինչևէ, այսօր՝ հրապարակումից 17 օր անց, կոմիտեից դեռ խնդրում են Ագարակում ոռոգման խնդրի վերաբերյալ հարցերն ուղարկել գրավոր և էլեկտրոնային փոստին։
Ագարակի բնակիչ Գևորգ Աթանեսյանը Panorama.am-ին հայտնեց, ոռոգման խնդիրը լուծվել է մամուլի հրապարակումներից մի քանի օր անց, հենց իրենց առաջարկած տարբերակով.
«Խողովակը չփոխեցին, իմ ասած տարբերակով եռակցեցին։ Գորիսից եկան, տեսան, նոր խողովակի հարկ չկա։ Արդեն գիլասը հասել է, տեսնում եք չէ՞, գիլասն ինչ թանկ են ծախում Երևանում, ես 2500-3000 դրամով եմ վաճառում մեծածախ։ Մեկ կգ գիլասի մեջ 4 հազար դրամ աշխատում մեն։ Որ գաք Ագարակ, համեցեք մեր այգին։ Որ հարցնեն, ո՞ր Գևորգն է, ասեք՝ գիլասի թագավորը Հայաստանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում