Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
Գևորգ Ջավախյան. այնպես կուզենայի այսօր նրան ներկայացնել որպես նկարիչ, որպես դերասան, որպես հայրենիքի զինվոր, բայց… ապրեց ընդամենը 19 գարուն։
Գևորգն այսօր կդառնար 20 տարեկան, ընդամենը 20 տարեկան։
2001 թվականի մայիսի 3-ին Ջավախյանների ընտանիքում տղա էր ծնվել, կապուտաչ, հրեշտակային գեղեցկությամբ: Կատարվել էր մոր երազանքը: Նարինե Ալեքսանյանը որդու ծնվելուց մեկ ամիս առաջ կորցրել էր հորը և տղան՝ Գևորգը, նրան ապրելու ուժ տվեց։
Մայրը պատմում է՝ աշխույժ, կենսուրախ, մշտապես շարժուն երեխա էր։ Նա ուշ է խոսել՝ 4 տարեկանում։ Ամեն օր լսում էր ռուսերենի ուսուցչուհի մայրիկին ու միանգամից սկսում է խոսել ռուսերեն։
Գևորգը հաճախել է իրենց թաղամասում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը, որտեղ նաև քույրն էր սովորում։ Տիկին Նարինեն հիշում է, թե չարաճճի տղան ինչքան դժվարությամբ էր դպրոցում 45 րոպե հանգիստ նստում, բայց հետո սիրեց դպրոցը, ընկերներին, ուսուցիչներին: Բոլոր միջոցառումների ակտիվ մասնակիցն էր, ընկերներին ներշնչողն ու ամեն լավից ներշնչվողը:
«Փոքր տարիքից նկարում էր, բայց հետաքրքիր էր, որ գույներ չէր օգտագործում։ Հիմնականում սև մատիտով էր նկարում։ Տարա նկարչական խմբակի, բայց ընդամենը երկու պարապմունք գնաց: Դասի ժամանակ, երբ նկարչության ուսուցիչը ուղղություն էր ցույց տալիս, ականջիս շշնջում էր՝ ասա ինձ չասի, թե ոնց նկարեմ։ Ու դրանից հետո հրաժարվեց գնալ նկարչության»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։
Նա հիմա ավելի ուշադիր է նայում որդու՝ պատանեկության տարիներին արված նկարներին ու համոզվում, որ տղան իսկապես նկարելու շնորհք ուներ:
Ես լուռ լսում եմ մորը, իսկ նա պատմում է որդու մասին, հիշում ամեն մի դրվագ ու կարծես կինոժապավենի վրա ես էլ տեսնում եմ այդ լուսավոր, չարաճճի երեխայի, երազանքներով լի պատանու, խելացի երիտասարդի ապրած տարիները:
«Գևորգին հաճախ արգելում էի բակ իջնել։ Անընդհատ ուզում էի, որ տղաս կողքիս լինի, ուր էլ գնայինք ձեռքը ամուր բռնում էի։ Չէի հասկանում, թե ձեռքն այդպես ամուր պահելն ինչ էր նշանակում: Հիմա այնպես եմ կարոտել այդ պահերը, այնպես եմ ուզում նորից ամուր-ամուր բռնել տղայիս ձեռքն ու երբեք-երբեք բաց չթողնել»,- ասում է Նարինե Ալեքսանյանը։
Հիմնականում մոր հետ էր կիսվում և միշտ ասում էր՝ հայտնի մարդ է դառնալու։ Երբ ամեն անգամ այդ խոսքերից հետո մայրը ժպտում կամ կատակում էր, նեղսրտած ասում էր՝ «Չես հավատում, հա՞»։
«Շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»
Բանակ գնալուց մեկ օր առաջ էլ ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ միայն ասել՝ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»: Գևորգի անունն իսկապես բոլորս լսեցինք շատ ավելի բարձր, քան ինքն էր մտածում։
Այսօր մայրը վերլուծում է այդ գրառումն ու նշում, որ նա հենց այնպես ոչինչ չէր գրել, ուզում էր հերոսություն անել, ուզում էր առաջինը լինել և պատահական չէ, որ պատերազմի ժամանակ, երբ հրամանատարը փորձել էր հետ պահել մարտական առաջադրանքը կատարելիս, նրան ասել էր՝ «Չե՞ք ուզում, որ ես հերոս դառնամ»։
Գևորգը բիթբոքսով էր զբաղվում, Բիթբոքսի ասոցիացիա առաջին անդամներից էր, մասնակցում էր համերգների։ Թեև ծնողների համար տարօրինակ էր նրա նախասիրությունը, բայց մտածում էր այդ ասպարեզում առաջ գնալու մասին։ Դեռահասների շրջանում արդեն հայտնի էր: Հենց այդտեղից էլ նրան նկատում են ու առաջարկում նկարահանվել «Քարե դար», հետո «Ոսկե դպրոց» սիթքոմներում:
Մայրը մեկ խոսում է Գևորգի մանկությունից, մեկ պատանեկությունից՝ սկսած անթիվ-անհամար չարաճճիություններից, հարևաններին, ուսուցիչներին, ընկերներին նմանակելուց, նրա հումորներից։
Պատմում է, որ տանը նստած երբեմն լսում էր հարևանների բարձր ծիծաղը ու արդեն հասկանում էր՝ այդտեղով անցել է Գևորգը։ «Իր ակտիվությունը սահման չուներ, կյանքի ամեն օրն այնպես էր ապրում, որ, կարծես, դա իր վերջին օրը լինի։ Անգամ նկարահանումների ժամանակ ստացած գումարը նույն օրում մինչև վերջին կոպեկը ծախսում էր ընտանիքին իր նվերներով ուրախացնելու համար։
Սիթքոմում նկահարահանվելու առաջարկը ստանալուց հետո լուրջ չէի վերաբերվում, իսկ երբ տեսնում էինք, որ դերը երկրորդական էր, ընտանիքով կատակում էինք, իսկ նա միշտ հակադարձում էր՝ ասելով, որ հայտնի դառնալու ճանապարհը փոքր դետալներից է սկսվում։ Ու անդադար կրկնում էր՝ չե՞ք հավատում, որ հայտնի եմ դառնալու։ Իսկապես դարձավ, բայց մարտի դաշտում»,- ցավով նկատում է մայրը։
Նարինեն մտովի նորից գնում է հետ, հիշում իրենց ուրախ ընտանիքն ու հոգոց անում. «Ախր ես այլ կերպ էի պատկերացնում մեր ու մեր երեխաների կյանքը»։ Նա թերթում է իր հսկայական արխիվն ու միաժամանակ հարց տալիս իրեն, թե ինչու էր որդու հետ կապված ամեն մի դրվագ նկարում։ Նույնիսկ տանը եղած ժամանակ, ընտանիքով անցկացրած երեկոները, իրենց զրուցները նկարել է։
Ծնողները փորձել են տղային շատ երես չտալ, բայց քույրը միշտ թևեր էր տալիս։ «Բնական է, որ անհանգստանում էի, աշխատում էի շատ գումար չտալ, կենտրոնանար դասերի վրա, բայց քույրը միշտ թաքուն ֆինանսավորում էր, որ եղբայրը ոչնչի կարիք չունենար»,- ասում է տիկին Նարինեն ու հավելում, որ իր երազանքն էր քույր ու եղբայր սիրով լինեին, անմնացորդ նվիրվեին միմյանց։
Նա ամեն օր նայում է որդու «Վերջին զանգ»-ի խնջույքի տեսագրությունը: Այստեղ էլ գլխավոր դերում Գևորգն է։ Օրվա մեջ մի քանի անգամ արցունքն աչքերին նայում է որդու և նրա մտերիմ ընկերոջ Մանվելի պարն ու ասում՝ դա նրանց վերջին պարն էր։ Մանվել Ջավադյանը զոհվել է նոյեմբերի 7-ին Մարտունիում։ Նրանց մյուս դասընկերը՝ Ժորա Ավետիսյանը, նույնպես զոհվել է Մարտունիում, նոյեմբերի 5-ին։ Մեկ դասարանից երեք տղա, երեք լուսավոր անհատականություն, որոնք դեռ շատ անելիք ունեին այս կյանքում։
Նրա ճախրանքը մի այլ ուղղության էր, հեռու, շատ հեռու ինձանից
Գևորգը բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։
Ծառայությունը կատակասեր Գևորգին մի քիչ լրջացրել էր, բայց լավ տրամադրություն միշտ էր ունենում։ Թեև սիրում էր մշտապես ուշադրության կենտրոնում լինել, սակայն ծառայակից ընկերներին չէր ասել, որ նախագծերում նկարահանվել է: Ընկերները մի օր պատահական «Ոսկե դպրոց»-ից տեսնում են կադրեր ու նոր իմանում, որ իրենց ընկերը նաև դերասան է, ու նպատակ ունի առաջ գնալ այդ ուղղությամբ։
Երբ տեղափոխվում է Արցախ, կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով ծնողները չեն կարողանում գնալ որդու մոտ։ Սեպտեմբերի 20-ին քրոջ՝ Սեդայի հարսանիքին էլ Գևորգը չի կարողանում գալ և մասնակցել: Թույլ չտալու պատճառը ևս կորոնավիրուսի հետ կապված խիստ ռեժիմն էր։ Քույրը ցավով է հիշում, որ նշանակալից այդ օրը, իր կյանքի կարևոր մարդը՝ եղբայրը, իր կողքին չեղավ։
Վերջին անգամ ծնողները Գևորգին տեսել են 2020 թվականի հունվարի 9-ին։ Տիկին Նարինեն հիշում է, որ որդուն ճանապարհելիս այնքան ամուր է գրկել, այնքան դժվար են մայր ու որդի բաժանվել, որ հարևաններն ասել են՝ այնպես է ճանապարհում, կարծես թե, «ֆրոնտ» է ուղարկում։
«Ես իր ծառայության ժամանակ դժվարի էի շնչում, չէի դիմանում, առանց Գևորգ չէի կարողանում ոչինչ անել, թեև հասկանում էի, որ դա սխալ է, բայց միևնույն է շարունակում էի անհանգստանալ նրա համար։ Որոշել էի, որ բանակից վերադառնալուց հետո իրեն թողնելու եմ ավելի ազատ լինել, չէի խոսելու ոչնչի վրա։ Փաստորեն այդպես էլ եղավ: Նրա ճախրանքը մի այլ ուղղության էր, հեռու, շատ հեռու ինձանից»,- ասում մայրը։
Աղոթիր բոլոր զինվորների համար...
Պատերազմի ժամանակ Գևորգն օրը երկու անգամ զանգում էր, սակայն ոչինչ չէր պատմում. «Չէր ասում, որ հատվածում են գտնվում, բոլոր հարցերին անորոշ պատասխան էր տալիս, ամեն ինչ ինձանից թաքցնում էր։ Ընդհանրապես բանակում շատ գաղտանապահ էր դարձել, իսկ պատերազմի օրերին առավել ևս։
Ամեն անգամ զանգելուց ասում էր՝ մեռնեմ կյանքիդ, միշտ խոսում էի, որ այդպես չասի, խոսքն ուժ ունի, իսկ նա հակադարձում էր, թե մամ ջան, ինձ բան չի լինի, կտեսնես ինչքան լավ է լինելու»։
Պատերազմի օրերին ընկերներին, ծանոթներին, նույնիսկ ուսուցիչներին է զանգել: Թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է Գևորգի դասընկերից մեկը, մարտի դաշտում իմացել է այդ մասին և մորն ասել, որ անպայման գնա հիվանդանոց. «Նույնիսկ դրա մասին էր մտածում»։
Քույրը՝ Սեդան պատմում է, մի անգամ եղբոր հետ խոսելիս ասել է՝ ամեն օր աղոթում է նրա համար, սակայն Գևորգն ուղղել է, թե միայն իր չէ, այլ բոլոր զինվորների համար աղոթի։
Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, մորը խոստացել էր, որ առավոտյան կզանգի, սակայն զանգ այդպես էլ չեն ստացել։ Ընտանիքն արդեն տագնապի մեջ էր:
Հոկտեմբերի 25-ին Սեդային զանգել է ծանոթներից մեկն ու ասել, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխում են Երևան։ Գևորգը նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին վիրավորվել էր:
Տարբեր հիվանդանոցներում փնտրելուց հետո ի վերջո տղային գտնում են։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով քույր չի ճանաչում եղբորը, իսկ մայրն անմիջապես ճանաչում է որդուն։ Ոչ հմուտ բժիշկները, ոչ մայրական աղոթքը չեն փրկում Գևորգին. հոկտեմբերի 28-ին սիրտը կանգ է առնում:
Ծնողները որդու զոհվելուց հետո են իմանում, որ տանկիստների գումարտակը իրականացրել է հատուկ գործողություններ։ Տանկի նշանառու օպերատոր Գևորգը մարտի դաշտում հերոսական պայքար է մղել թշնամու դեմ։ Հոկտեմբերի 20-ից հետո նրա տանկը հայտնվել է թշնամու դիտակետում, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին, ժամը 23:30-ին, թշնամու ԱԹՍ-ն հարված է հասցրել տանկին, որն այդ պահին որևէ գործողության մեջ չի լինում։ Տանկի կողքին կանգնած են լինում Գևորգն ու զինակից ընկերները։ Հարվածից հետո զինվորներից մեկը տեղում զոհվում է, իսկ Գևորգն ու մեկ այլ զինվոր ծանր վիրավորվում։
Քույրը ցավը սրտում պատմում է, որ հոկտեմբերի 23-ին եղբայրը զանգել է իր ամուսնուն ու ասել, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, քրոջն ու տնեցիներին լավ նայի. «Երևի ինչ-որ բան զգում էր»։
Այս ամբողջ ընթացքում բոլոր տղամարդկանց նման Գևորգի հայրը՝ Գրիգորը, չի մասնակցում զրույցին, ամբողջ վիշտը ներսում է տանում: Ինչքան մեծ ծրագրեր ուներ կապված որդու հետ ու այդ բոլորն անկատար մնացին:
Հիմա Ջավախյանների ընտանիքում կյանքն ամբողջությամբ փոխվել է. նրանց օրը սկսվում և ավարտվում է Եռաբլուրում:
Ջավախյանների ընտանիքը մեկն է այն հազարավորներից, որոնց կյանքը հիմնովին խաթարվել է: Բոլորիս պարտքն է լինել նրանց կողքին, չթողնել մենակ այդ դաժան իրականության մեջ: Նրանց որդիներին ոչ միայն մենք, այլև մեր սերունդները պետք է իմանան, փառաբանեն ու միշտ հիշեն, թե հանուն ինչի այդ երիտասարդներն իրենց կյանքը նվիրեցին:
Նշենք, որ Գևորգ Գրիգորի Ջավախյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
Տեսանյութում օգտագործվել են կադրեր ընտանեկան արխիվից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան