Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է
«Իմ խնդրանքն է բոլորին՝ հայ մնալ, հայ ապրել, երկրի հոգսերով մտահոգ մնալ… »:
Երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականին: 1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, հարկադրաբար լքել են իրենց տները։ Սոված ու հուսահատ՝ Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր կոտորածի միջով հասել է Սալմաստ (Իրան), այնուհետև վերադարձել Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո։
1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատում Վերին Արտաշատում։
Սկզբում պատանին աշխատել է որպես բատրակ։ Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանում նա շփվել է հայտնի մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տերտերյանի, Գուրգեն Սևակի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշներ հետ։
Հետագա տարիներին Հայրիկ Մուրադյանն ապրել է Խորհրդային Հայաստանում։ Տարիների ընթացքում Հայրիկը Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ։ Հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ Հայրիկը հանդիպեց Աննային, սիրահարվեց ու ամուսնացավ։ Այդ ժամանակաշրջանում Հայրիկը ծանոթացել և շփվել է նաև տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, որոնցից էլ սովորել և գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր։
1937 թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվել է բանտում։ Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո։
Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնել է ռազմաճակատ, որպես քաղաշխատող 64-րդ ինտերնացիոնալ հատուկ գնդի ռազմիկների հետ մարտնչել է թշնամու դեմ Թերեքի հովտում, մասնակցել Հյուսիսային Կովկասի և Հարավային Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների և գյուղերի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով», «Կովկասի պաշտպանության համար» մեդալով և երեք մարտական մեդալներով։
1965 թ. առաջին անգամ եթեր է արձակվել Հայրիկ Մուրադյանի ձայնը։
Հայրիկ Մուրադյանը մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 95 տարեկան հասակում։
Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ։ Սակայն նա առավել հայտնի է որպես հին հայկական ավանդական երգերի կատարող։ Նա ձայնագրվել է Հայաստանի Ազգային Ռադիոյում։ Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում:
Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980 թ. հիմնադրվել է «Ակունք» ազգագրական համույթը (Ռադիոյի և հեռուստատեսության Պետական կոմիտե), որը հետագայում մեծ ճանաչում է ստացել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ)։
«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։