Հանձնաժողովը որոշեց Ընտրական օրենսգիրքը չքննարկել հաջորդ շաբաթվա լիագումար նիստում
«Օրենքի նախագծի հետաձգման պատճառն այն է, որ գալիք նիստի օրակարգը բավական հագեցած է. իսկ նախագիծն առանձին քննարկման անհրաժեշտություն ունի»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ հիմանվորելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից փաթեթի քննարկման հետաձգումը:
Պատգամավորը հայտնեց, որ նախագծի բովանդակությունը չի ներկայացնի, այլ խնդրելու է մինչև 2 ամսով հետաձգել նախագծի քննարկումը:
Նկատելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքն է սահմանում մինչև 2 ամիս ժամկետը՝ Դանիելյանը հավաստիացրեց, որ նախագիծն աշխատանքային կարգով կքննարկեն հաջորդ շաբաթվա սկզբին՝ արագացված ընթացակարգով, երկու ընթերցմամբ ընդունելու նպատակով:
Ըստ պատգամավորի՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի և մի շարք այլ պատգամավորների ներկայացրած բազմաթիվ առաջարկները քննարկելու և տեղայնացնելու համար է մի քանի օր ժամանակ խնդրում:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր կողմից հստակեցրեց, որ տեխնիկական լուծումներն ամփոփելու և ստացված առաջարկները փաթեթում իրացնելու նպատակով են հետաձգում այս հարցի քննարկումը:
«Հաջորդ շաբաթ, լիագումար նիստերից հետո, կփորձենք այս հարցով նախաձեռնել արտահերթ նիստ»,- հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը: