«Ուրիշ ով, եթե ոչ ես»... Էրիկ Գևորգյանը բանակ գնաց այս խոսքերը շուրթերին
«Ուրիշ ով, եթե ոչ ես»: Այս խոսքերն ասելով է Էրիկ Գևորգյանը գնացել բանակ՝ իր ծառայությունը հայրենիքին մատուցելու:
Էրիկը պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։
Այսօր ԵՊՀ-ում կայացավ «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ի հանձնման արարողությունը: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը, որի շրջանակում սահմանվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանը:
«Հայրենասեր, ուսմանը նվիրած Ռուբենն ունի հեռուն նայող նպատակներ, համոզված ենք՝ բարձրակարգ կրթություն կստանա, կիրականացնի այն նպատակներ, որոնք մեր երկիրն ունի»,- մրցանակի հանձնման արաարողությանն ասաց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը:
Ռուբենն, ինչպես Էրիկը, Ռ. Հակոբյանի բնութագրմամբ, վերին աստիճանի համեստ, ամաչկոտ տղա է:
«Մշտապես կհիշենք նրանց, ովքեր հաճախ իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը: Չպետք է թույլ տանք, որ այս հերոսների հիշատակը մոռացության մատնվի, ամեն ինչ պետք է անել նրանց հիշատակը միշտ վառ պահելու համար»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ Արցախյան պատերազում զոհված մեկ այլ հերոսի՝ Գևորգ Արշակյանի անունը կրող ընթերցասրահում:
Էրիկը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում սովորելուն զուգընթաց սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասաց, որ Էրիկը ԱՄՆ մեկնելու, տարկետումից օգտվելու հնարավորություն է ունեցել, կարող էր բանակ ավելի ուշ գնար, սակայն իր հետ զրույցներից մեկում նա ասել է՝ «ուրիշ ով, եթե ոչ ես»:
«Գնալուց եկավ հրաժեշտ տալու: Բարձրահասակ էր, ասացի՝ աշխարհաբեկ ջան, գլուխդ ցած կպահես: Կանգնած էր աստիճանների վրա, նայեց ու ժպտաց… Ժպիտ, որը…»,- ասաց Արմինե Պետրոսյանը, ով դժվարությամբ էր խոսում, արցունքները խեղդում էին:
Էրիկի մանկության ընկեր Ռաֆայելը նույնպես չկարողացավ խոսել:
«Բոլորիս համար մեծ վիշտ է Էրիկի դեպքը: Բառեր չկան նկարագրելու այն ամենը…»,- միայն այսքանը կարողացավ ասել Ռաֆայելն ու արցունքները աչքերին դուրս եկան ընթերցասրահից:
Էրիկի համակուրսեցի Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ միասին սովորել են նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
«Երբ որևէ քննարկում էինք ունենում ու խոսում էր Էրիկը, նրա խոսքը շատ հավասարակշռված էր, նրանից հետո որևէ մեկն այլևս ավելացնելու բան չուներ: Իր ասածն ընդունվում էր: Շատ կարգապահ էր Էրիկը, օրինակ էր բոլորի համար»,- նշեց Վաղարշակը:
Արմինե Պետրոսյանն ասաց, որ երկրորդ մրցանակը կշնորհվի արդեն սեպտեմբերին:
««Երախտիքի և հարգանքի կրթամրցանակ»… գաղափարը ծնվել է շատ խորը կսկիծից: Որևէ բանով հնարավոր չէ այս աննման տղաների կորուստը լցնել: Անհնար է: Ցավոք, հազարավորներ են: Երբ ուսումնասիրում ենք նրանց կենսագրությունները, մեր ոսկե հատիկներն են, սերմերն են, որոնք հիմա հողի մեջ են: Կարծում եմ՝ իրենք պետք է ծլարձակեն: Իսկ մեր պետությունը ոտքի կանգնելու այլ ճանապարհ չունի, քան կրթությունն ու գիտությունը»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Ավելի վաղ Panorama.am –ի հետ զույցում Էրիկի մայրը՝ Էլմիրա Շահնազարյանն, ասել էր. «Երբ տիկին Արմինեն ասաց այդ ծրագրի մասին, մի պահ մտածեցի՝ լավ, դա ինչ է ինձ տալու: Հետո մտածեցի՝ պետք է իմ որդու անունը հնարավորինս շատ տեղ հնչի, հնարավորինս շատ մարդ ճանաչի Էրիկիս, լսի նրա սխրանքների մասին, լսի նրա պատմությունը, պետք է ապրի բոլորի մեջ: Մի փոքրիկ մխիթարանք է»:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- Կայացել է Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը
- Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
- Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը
- «Հավերժ փառք Գևորգներին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան