Մենք քաղաքական ուժերից պետք է պահանջենք կարծիք ապագայի մասին, այլ ոչ՝ նախկինների. Թևան Պողոսյան
«Երևի զարգացումներ կլինեն մայիսի 10-ից հետո, երբ պարզ լինի, որ իսկապես վերջնական են արտահերթ ընտրությունները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքին և առաջիկա արտահերթ ընտրություններին։
Նրա խոսքով, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը գնա ԱԺ և առանց ավելորդ ներկայացումների ու հարց ու պատասխանների ասի, որ իրեն չընտրեն, ապա կարելի է կարծել, որ այո՛, Հայաստանը գնում է դեպի արտահերթ ընտրություններ։ Իսկ եթե հերթական հարց ու պատասխանները լինեն, ապա ենթադրելի է, որ պետք է սպասել հերթական շահարկումներին ու մանիպուլյացիանեին։
Ըստ Թևան Պողոսյանի, այդ դեպքում հերթական արհեստական օրակարգը կձևավորվի։
«Այսօր մեր առաջ կանգնած իրական օրակարգի խնդիրներն ապագայի և անվտանգության մասին են։ Մեր ամենամեծ խնդիրը հենց Արցախի անվտանգությունն է։ Տեսեք, թշնամին չի խորշում ու կիրակի օրով հայտնում է, որ հունիսին Ստեփանակերտն իրենցն է լինելու։ Կարող ենք տեսնել, որ ամեն օր սահմանային գծերում փորձում են առաջ գալ։
ՀՀ-ն դադարել է Արցախի անվտանգության երաշխավոր լինել, իսկ ապագայում արդյո՞ք կստանձնի այդ դերը, արդեն սկսում է կասկածից վեր անցնել։ Մենք արդեն խոսում ենք Սյունիքի մասին, հետո էլ հարց է, թե ինչից կխոսենք։ Իսկ եթե մենք կգնանք դեպի արտահերթ ընտրություններ, կարծում եմ, պետք է պահանջատեր լինենք»,- նշեց նա։
Քաղաքագետի խոսքով, հասարակությունը պետք է քաղաքական ուժերից միայն ապագային վերաբերող խոսք պահանջի, քանի որ եթե այդ ուժերը նորից սկսեն քննարկել նախկին վիճակները, ապա պետք է ուղղակի հասկանալ, որ բոլորն էլ ապրել են այդ նախկին օրերը և շատ լավ գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, գուցե շատ ավելի լավ գիտեն այդ ամենը, քան քաղաքական ուժերը կարող են ներկայացնել։
«Մենք նախորդ երեք տարիներին տեսել ենք բոլոր այն սխալները, որոնք թույլ չտվեցին մեր միասնականությունը պահպանել, և թույլ չտրվեց պահպանել այն հզորությունը, որն ունեինք մինչև 2018-ը. ամրապնդելու փոխարեն թուլացրինք։ Այնպես որ, եթե որևէ քաղաքական ուժ սկսելու է քննարկել նախկին ժամանակահատվածները, ապա ինքն, այլևս դուրս է լինելու իմ հետաքրքրությունների դաշտից, և ես կուզեի, որ բոլորն այդպես մտածեն և լինեն պահանջատեր։ Ցանկացած ՀՀ քաղաքացի պետք է հարց բարձրացնի, թե ինչ են անելու քաղաքական ուժերը վաղը, ինչ դաշինքով են գալու և ինչ ծրագրեր ունեն»,- նշեց նա։
Թևան Պողոսյանը ասաց նաև, որ չպետք է գնալ այն խոստումների հետևից, որոնք ուղղված են այս կամ այն քայլերը ներելուն ու թեթևացնելուն. «Էս կներենք, էն կներենք, էս կթեթևացնենք, սա անցել ենք։ Չեմ ուզում, որ որևէ մեկին ինչ-որ բան ներվի»։
Նա հավելեց՝ պետք է հստակ հասկանալ, որ ծանր ժամանակներ են սպասվում, մարդկանց բարեկեցությունը չի կարող առաջիկայում լավանալ։
«Մեզ պետք չէ, որ գան ու թեթևացում խոստանան, ասեն՝ տղաները բանակում չեն ծառայի, 5 տարին մեկ 3 ամսով կգնան, կամ վարկերն ու տուգանքները կներենք..., իմացեք, դա կլինի հին դաշտի կրկնությունը։ Այն ականջահաճո կլինի, բայց իրականությանը չեն համապատասխանի։ Մեր սերունդը պետք է գիտակցի, որ ցավոք, մենք հասանք այն վիճակին, որ այդպես պետք է ապրենք, որ գոնե մեր թոռների համար հիմքեր թողնենք, որոնց վրա կկառուցվի հզոր Հայաստան»,- նկատեց նա։
Ըստ Թևան Պողոսյանի, այս ընտրություններում ևս լինելու են մանիպուլյացիաներ, օգտագործվելու են բոլոր միջոցները, իսկ ընտրությունները չեն լուծելու քաղաքական ճգնաժամը։
«Ինչքան էլ ժողովրդավար լինեն ընտրությունները, եկող ԱԺ-ն ունենալու է շատ կարճ կյանք, քանի որ ճգնաժամային այս փուլերում մենք պետք է նախ ճգնաժամերը հաղթահարեինք, նոր գնայինք ընտրությունների»,- կարծիք հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՍԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին. Արման Ղուկասյան
- Չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին, իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ. Միքայել Մինասյան
- Կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե չի ստացվում․ Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան