Չպետք է համարվի մեկ անձի համար կարված նախագիծ,բայց նկատի ունեմ Արծրուն Հովհաննիսյանին.Գևորգ Պետրոսյան
«Այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ ամոթագրպանած ելնում և ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում և Քրեական օրենսգրքում նման պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը»,- ԱԺ նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Պատգամավորը շեշտեց, որ արդյունավետ կառավարման համար պետք է հավաստի տեղեկատվություն տրվի, իսկ կեղծ տեղեկատվություն տվողը պետք է քրեորեն պատժվի:
Նա շեշտեց, որ նախագիծը չպետք է համարվի մեկ անձի համար կարվող նախագիծ, բայց և շեշտեց, որ նկատի ունի Պաշտպանության նախարարության լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանին, որը 43 օր խաբել է, ասել է հաղթելու ենք և վերջին օրով պարզվել է, որ պարտվում ենք:
Պետրոսյանը գտնում է, որ ապատեղեկատվություն տարածողները պետք է պատժվեն:
Նա տեղեկացրեց, որ նախագիծը ստացել է Կառավարության բացասական եզրակացությունը և անդրադառնալով այդ որոշման հիմնավորմանը, թե առաջարկվող հասկացությունն անորոշ է, պատգամավորը օրինակ բերեց, որ անառակաբարո գործողությունները ևս մեկնաբանված չեն Քրեական օրենսգրքում, չկա կյանք հասկացությունը, բայց կան կյանքի դեմ ուղղված հանցագործություններ:
Նա համոզմունք հայտնեց, որ ԱԺ-ն չի ընդգրկի հարցը օրակարգ, քանի որ այդպիսի տրամադրվածություններ է տեսնում:
«Այդպես էլ այս Ազգային ժողովը չազատվեց Կառավարության կցորդը լինելու պիտակից, իսկ քմծիծաղ տվողները հիմա դիմակի տակ կամ առանց դիմակ մի քանի օրից հլը էդ քմծիծաղը թող փորձեն տալ»,-հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:
ԱԺ գլխադասային՝ Պետական-իրավական մշտական հանձնաժողովը բացասական կարծիք էր ներկայացրել օրինագծի վերաբերյալ:
Ազգային ժողովն քվեարկությամբ Աժ օրակարագ չընդգրկեց անկախ պատգամավորի հեղինակած նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին