Լարիսա Ալավերդյան. Պետք է մարդ անզգա լինի, որ հայտարարի՝ պլյուս, մինուս 50 զոհ
«44 օր տևած պատերազմի ընթացքում հինգ հազար զոհը շատ-շատ մեծ թիվ է»,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ 2.5 տարի տևած պատերազմի ընացքում գրեթե նույնքան հայ էր զոհվել։
Նրա խոսքով, այս հինգ հազարի հետևում կանգնած են ոչ միայն այդքան ընտանիքներ, այլև այդքան գյուղեր, համայնքներ, քաղաքներ։
«Մեկ զոհված անձի համար մղկտում է ավելի քան հազար մարդ։ Երկրի կեսը անմիջապես իրեն խոցված է համարում, դրան գումարած գերիների, անհետ կորածների հարազատները։ Ու այս ամենի համատեսքտում, ասում են՝ պլյուս, մինուս 50 զոհ։ Պետք է զգայարաններ չունենաս, պետք է անզգա լինես, որ նման բան ասես, նման թեթևությամբ այդպիսի թվեր հրապարակես։ Դա բարոյազրկում է մեր հասարակությանը, դա մարգինալացման վերջին պահն է։ Ես դատապարտում եմ»,- հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը։
Նա հիշեցնում է, որ մարգինալացումը նախ և առաջ քայքայում է քաղաքացիական հասարակությունն ու ամբողջովին այլասերում է էթիկական, էսթետիկական, բարոյական, իրավական, քաղաքական ու այլ արժեհամակարգեր։
Նրա խոսքով, թեթևսոլիկի հայտարարություններով հանդես եկող պաշտոնյանների, պատգամավորների արտահայտություններին պետք է գնահատական տրվի։
«Նրանք չեն զգում այդ ցավը։ Պետք է համարենք, որ Մարալը, մյուսները մեր ընտանիքի անդամներն են։ Եթե մենք չենք զգում այդ ցավը, ապա կորցնում ենք հայի տեսակը որպես քաղաքակրթական մասնիկ, ինքնության ոչնչացման առաջ է կանգնում հայը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին իմքայլական պատգամավոր Կարապետ Մխչյանը հարցրել էր Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ կա, 321 հոգի համարվում է անհետ կորած։
«Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, և ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց վերջիններս տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են»,- նշել էր նա։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, եթե այս վիճակագրությունը չփոխվի, ապա «մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան