Ինչո՞ւ ես այդ հայտարարությունն արեցի. Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությունը, թե ուրախալի է, որ իմքայլականները վերադարձել են հայամետ քաղաքականության, իշխանական խմբակցության կողմից սվիններով ընդունվեցին։ Ելույթ ունեցող իմքայլականներն իրենց խոսքում նշում էին, թե պատգամավորի խոսքը ենթատեքստ ուներ, թե «Իմ քայլը» խմբակցությունը ոչ հայամետ քաղաքականություն է վարում։
Արձագանքելով այդ ելույթներին՝ Տարոն Սիմոնյանը նախ ասաց՝ դեմ է, որ ԱԺ ամբիոնն օգտագործվում է անձնական խոսակցությունների համար, ապա նշեց, որ իրեն ստիպում են ԱԺ ամբիոնից պատասխանել։
«Խնդրում եմ, որ այստեղ անձերին վերաբերող հայտարարություններում զգուշավորություն ցուցաբերել, քանի որ դա կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ առաջացնել և՛ կարծիքներ հնչեցնողների, և՛ թե այն մարդկանց համար, ում ուղղված է այդ խոսքը։ Իսկ ինչո՞ւ ես այդ հայտարարությունն արեցի։ Կան իշխանական պատգամավորների, ինչպես նաև գործադիրի անդամների հայտարարություններ, որոնք օգտագործվում են մեր հակառակորդի կողմից իրավական գործընթացներում Հայաստանի դեմ։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեք, եթե մենք ձախողենք որոշ իրավական գործընթացներ հենց ձեր որոշ գործընկերների հայտարարությունների պատճառով։ Դուք ինքներդ կարո՞ղ եք դրան արդարացում գտնել, ես չեմ կարող։ Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ այս միջադեպը ևս կարևոր առիթ է, որ ձեր գործընկերները հասկանան, որ իրենց հայտարարությունները իրավական գործընթացներում օգտագործվում են ՀՀ-ի դեմ։ Եթե դուք սա հայամետ քաղաքականության արդյունք եք համարում, ես չեմ կարող»,- եզրափակեց խոսքը Տարոն Սիմոնյանը։