Ես կորցրի այն հողը, որի համար զավակս գնաց․ զոհված զինծառայողի մայր
«Արցախցի եմ, 90-ականներին եկանք այստեղ։ Մի անգամ արդեն ամեն ինչ կորցրել եմ։ Եկանք այստեղ, ուսում ստացա, ամուսնացա և մնացինք, որ նույնն իմ երեխան չտեսնի։ Բայց․․․»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում են զոհվածների ծնողներ, ասաց զոհված Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։
Նրա խոսքով, որդին բանակում չէր ծառայել, քանի որ ուներ մի շարք առողջական խնդիրներ, սակայն ինքնակամ գնացել է պատերազմի։
«Պատերազմը սկսելուց հետո, ամսի 27-ին գնաց գրվեց, բայց չտարան։ Հետո ինքն ամսի 30-ին ինքնակամ, ամեն մեկիս ինչ-որ բան խաբելով գնաց։ Ամենաթեժ տեղերից մեկում էր, ամսի 1-ին ինձ հրաժեշտի նամակ էր ուղարկել` գրելով, թե «գլուխդ բարձր կքայլես, հասնում են մեր վրա, պոստերը ցրիվ են տվել, սիրում եմ ձեզ, կներեք ամեն ինչի համար։ Ողջ մնամ, կզանգեմ», ընդամենն այդքանը։
Ինքը ողջ մնաց, ամսի 7-ին եկավ վիրավորում ստացած, 18-ին նորից գնաց։ Թեև զինադադար էր, բայց ասեց՝ մամ, դու թուրքին չե՞ս ճանաչում։ Ես չգիտեի, որ 23 տարեկանում ինքն ավելի շատ բան գիտեր, քան՝ ես։ Ամսի 20-ին վիրավորում ստացած մնաց դաշտում»,- պատմեց զոհված զինծառայողի մայրը։
Ելիզավետա Օհանջանյանը դժգոհություն հայտնեց պաշտոնյաների վերաբերմունքից, քանի որ վերջիններիս կողմից հերոսների ընտանիքները չեն արժանանում ուշադրության։
«Իմ նման շատ ծնողներ կան՝ մեկը կամավորական էր, մյուսը՝ զորակոչիկ։ Մեր ծնողների ցավը նրանում է, որ վերադասներից ոչ մեկն այսօր չի մտել ու ինչ-որ բան ասել, թեև նրանց ասելն ինձ պետք չէ։ Մինչև ամսի 10-ը ես դիմանում էի, սակայն 10-ից հետո ես կորցրի այն հողը, որի համար զավակս գնաց»,- ասաց Օհանջանյանն ու հավելեց․
«Պետք է մտնեն յուրաքանչյուրի տուն, անուն առ անուն հիշեն, մտնեն ու հարգեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան