Նիկողոս Նիկողոսյանի ստեղծած՝ Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը կցուցադրվի մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար: Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքն է համարել ստեղծել կամոպոզիտորի հետմահու դիմակը:
Տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և գիտենալով, որ դիմակը դեռևս գտնվում է քանդակագործի արվեստանոցում, ջանում էր ձեռք բերել այն, որը որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ որպես մեծահամբավ քանդակագործի աշխատանք, մեծ հետաքրքրություն կառաջացներ այցելուների շրջանում:
Տուն-թանգարանից հայտնում են, որ քանդակագործի մահից հետո, երջանիկ պատահականությամբ, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի (''Nico Art Gallery'') համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպել է պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին և նրանք եկել են համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու:
Տուն-թանգարանից Panorama.am-ը տեղեկացավ, որ մայիսի 7-ից իրենց այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բազմաթիվ շքանշանների շքանշանակիր Նիկողոս Նիկողոսյանի ստեղծած՝ մեծ Մաեստրոյի հետմահու դիմակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան