Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են, իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար. Արարատ Միրզոյան
«Ես չէի կարող ուրախությամբ չարձագանքել, որ իմ գործընկերները ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»,- ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նկատելով, որ նախորդ ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վերջապես վերադարձել է իր հիմնական մասնագիտական գործունեությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին և իր խոսքում ընդգծել է, որ Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:Այդ խոսքերից հետո դահլիճում բանավեճ ծավալվեց «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասելով. «Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են և իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար, հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից»:
Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ թող ժողովուրդը դիտի և դատի, թե ով, ինչպես է քաղաքականությունը կառուցում:
«Ես, ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը և իմ խնդրանքը և ամսիսների հորդորն ի վերջո տեղ հասավ: Հուսով եմ, որ այս բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում և Արցախի մյուս օկուպացված տարածքներում ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր, որը դրսևորվում էր էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով, որը կրկին անգամ փաստում է, որ որևէ քաղաքական գործիչ, ում խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսել Ադրբեջանի հետ՝ մի պետության հետ որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում»,- հայտարարեց Սիմոնյանը:
Նա պնդեց, որ պետք է հայկական կողմը հստակեցնի իր դիրքորոշումը և պարզ լինի միջազգային հանրության առաջ, որպեսզի վերջինս էլ արձագանքի Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մասին:
«Եթե մենք բարեկամության մասին խոսենք, իսկ Ադրբեջանը շարունակի հակահայկական քաղաքականությունը, ապա միջազգային հանրությունը մեզ չի հասկանա: Տարօրինակ է, բայց շնորհակալություն եմ հայտնում հնչեցված ելույթների համար»,- եզրափակեց Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չպետք է համարվի մեկ անձի համար կարված նախագիծ,բայց նկատի ունեմ Արծրուն Հովհաննիսյանին.Գևորգ Պետրոսյան
- Ապագան լուսավոր է, և այդտեղ տեղ չունեն Փաշինյանն ու իր թիմը. Գորգիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին