Եվրախորհրդարանի 120 պատգամավոր ԵՄ ղեկավարությունից պահանջում են գործել՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին
Եվրոպական խորհրդարանի 120 պատգամավոր համատեղ նամակ է ուղղել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ու Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել բոլոր հայ գերիների վերադարձը:
Եվրոպական խորհրդարանում նամակը նախաձեռնել են պատգամավորներ Անդրեյ Կովաչևը, Լուկաս Ֆուրլասը, Ֆրանսուա Բելամին, որին միացել են ևս 119 խորհրդարանականներ։
Նամակում ասվում է, որ 2020թ․-ի նոյեմբերի 10 եռակողմ հայտարարության մեջ նշված է գերիների՝ բոլորը բոլորի դիմաց փոխանակման մասին, որն իրականացրել է Հայաստանը, բայց ոչ Ադրբեջանը։
«Ադրբեջանը ոչ միայն դեռևս պահում է հայ գերիներին, այլ նաև կասկածվում է, որ նոր գերիներ է վերցրել՝ ներառյալ քաղացիների, ռազմական գործողությունների ավարտից հետո»,- ասվում է նամակում։
Բարդ է ճշգրտորեն նշել գերիների ու բանտարկվածների թիվը, սակայն այն ներառում է 72 անձանց, որոնց բանտարկությունն Ադրբեջանն ընդունել է, 112-ի վերաբերյալ Ադրբեջանը տեղեկություններ չի տրամադրել, 61-ի բանտարկությունն Ադրբեջանը կտրականապես հերքել է, սակայն կան ակնհայտ ապացույցներ։
Ադրբեջանը փորձում է արդարացնել հայերի բանտարկությունը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ», ինչը ոչ միայն հումանիտար իրավունքի խախտում է, այլ նաև խորապես հակասում է հաշտեցման նրանց պնդումներին։
«Եվրոպական միությունը չի կարող այլևս թողնել Հայաստանին այս անտանելի իրավիճակում։ Մենք պետք է գործենք, որ բռնությունը կրկին անգամ գերակայություն ունենա օրենքի նկատմամբ։ Եթե Եվրոպան ցանկանում է իրականացնել իր պարտավորությունները, այն պետք է ապահովի, որ միջազգային իրավունքի այս խախտումն իր հարևանությամբ չդառնա ողբերգական նախադեպ։ Հակառակ դեպքում, նրա լռությունն ու անգործությունը կվերածվի պատմական պատասխանատվության։
Որպես Եվրոպական խորհրդարանի անդամներ, մենք դիմում ենք ձեզ՝ գործել՝ պահանջելու բոլոր հայ ռազմագերիների վերադարձն իրենց երկիր»,- ասվում է նամակում։