Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալին մահացած են հայտնաբերել Թուրքիայում
Մայիսի լույս 5-ի գիշերը ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի մարմինը։ Ոստիկանությունը հետաքննում է երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։ Այս մասին գրում է Jam News-ը։
Բայրամ Մամեդովն Ադրբեջանում հայտնի է դարձել 2016 թ-ին, երբ ձերբակալվել է Գիաս Իբրահիմովի հետ։ Նրանք «Շնորհավոր ստրուկների տոնը» գրառում էին արել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա նախկին նախագահի ծննդյան օրվա նախօրեին։
Ավելի ուշ դատարանը երկու ակտիվիստներին էլ ազատազրկման էր դատապարտել՝ մեղադրելով թմրանյութերի վաճառքի համար։ Բայրամ Մամեդովին ու Գիաս Իբրահիմովին ներում էր շնորհվել 2019 թ-ին։
Մի քանի ամիս առաջ Բայրամ Մամեդովը Թուրքիա էր մեկնել և մի քանի օրից պատրաստվում էր Բաքու վերադառնալ։
Նրա ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին։
«Վերջերս Ստամբուլում Բայրամին հյուր էի գնացել։ Երկար զրուցեցինք։ Նա Եվրոպայում մասթեր-կրթության ծրագիր էր շահել։ Ստամբուլում այդ ծրագրին էր պատրաստվում։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր էջերը։ Մեծ պլաններ ուներ հայրենիքի վերաբերյալ։ Ասում էր, որ Ադրբեջան է վերադառնալու լավ կրթություն ստանալուց հետո։
Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են, սակայն իշխանամետ կայքերն արդեն գրում են ինքնասպանության մասին։ Չգիտեմ ինչու, ուզում են այդպիսի պատկեր ստեղծել։ Սակայն հետաքննությունը դեռ չի էլ սկսվել։
Հայտնի չէ, թե ինչպես է Բայրամն ափին հայտնվել մի ժամանակահատվածում, երբ Թուրքիայում չի կարելի փողոց դուրս գալ։ Այդ ափին, որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել, սովորաբար հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրանք չեն կանգնեցրել Բայրամին, չէ՞ որ փողոց դուրս գալն արգելված է։ Կատարվածի ոչ մի վկա չկա։
Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր տարածում են ինքնասպանության վարկածը։ Ընկերների հետ եմ խոսել, վաղը մանրամասներ կիմանանք», - ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին, որն այժմ Գերմանիայում է բնակվում։
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Միրզալի Մահամադը, որի վրա մարտին Ֆրանսիայում հարձակում էր իրականացվել, փորձել էին գլխատել նրան, թվիթերում գրել է, որ Թուրքիայում խորհրդավոր կերպով սպանվել է նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովը, որը ձերբակալվել էր Իլհամ Ալիևի հայր Հեյդար Ալիևի արձանի վրա «Fuck the system» գրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա