Սյունիքն է Հայաստանի ողնաշարը, և միայն այդ ողնաշարն ուղղելով կարող է Հայաստանն առաջ շարժվել. Աննա Գրիգորյան
«Քաղաքական ուժը, որ մենք այսօր ներկայացնում ենք, ծնվել է Հայաստանի պատմության ամենաողբերգական փուլում։ Այն պարզապես հերթական կուսակցությունը չէ, այն ստեղծվել է անհրաժեշտաբար»,- այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում ասաց կուսակցության փոխնախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ իրենց ոչ թե քաղաքական ամբիցիաներն են առաջնորդում, այլ միասնական նպատակների իրագործումն ու հավաքական ներուժի գիտակցումը։
«Մենք ունենք խորին համոզմունք, որ կարող ենք և պարտավոր ենք ներդրում ունենալ մեր երկրի ապագայի կառուցման հարցում, որ ձեռքներս ծալած ստելուիրավունք ուղղակի չունենք։ Մեր խարիսխն, իհարկե, Սյունիքի մարզն է, և ես վստահ եմ, որ այնտեղից է սկսվելու ողջ Հայաստանի վերածնունդը։ Սյունքն է Հայաստանի ողնաշարը, և միայն այդ ողնաշարն ուղղելով կարող է Հայաստանն առաջ շարժվել՝ գլուխը բարձր և ուժեղ»,- նշեց նա։
Ըստ Աննա Գրիգորյանի, վերջին տարիների քաղաքական իրադարձությունները և Արցախյան ողբերգական պատերազմը վիրավոր են թողել Սյունիքը, իսկ վերջինիս խնդիրների հանդեպ իշխանություններն անտարբեր են, ունեն խտրական վերաբերմունք, ինչն էլ անորոշության մթնոլորտ է ստեղծել։
«Իրավիճակը շտկելու ներուժը մեր ձեռքերում է։
«Վերածնվող Հայաստանը» ստեղծվել է այն սկզբունքով, որ ժողովրդի սատարման պարագայում ի զորու է ոտքի հանել Հայաստանը, ի զորու է բարեկարգելու Սյունքին ու ողջ Հայաստանը։ Այն, այո՛, ոտքի է ելնելու, ոտքի է ելնելու նաև Արցախը»,- վստահություն հայտնեց նա։
Կուսակցության փոխնախագահը նկատեց՝ դժվար է հաշվտվել հայ ժողովրդի հետ կատարվածին.
«Բայցև ես վստահ են, որ հավասարակշռված ներքին քաղաքականության և ողջամիտ արտաքին քաղաքականության և անկոտրում պայքարի միջոցով մենք վերադարձնելու ենք Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքները։ Մենք վերադառնալու ենք Շուշի ու Հադրութ, մեր գնալու ենք մեր լքված քաղաքներ ու տներ։ Մեր նյութական հայրենիքի սահմաններն այլևս չեն սեղմվելու, այլևս չի ընդարձակվելու մեր հոգևոր հայրենիքի տարածքը։ Այդ նպատակներին հասնելու համար պետք է վերջ դրվի Հայաստանում ստեղծված քաոսին ու պառակտվածությանը»։
Աննա Գրիգորյանը շեշտեց՝ միասնականությունն է հնարավոր դարձնելու հայի նպատակների իրականացումը։
«Պիտի նորից միասնական լինենք։ Ես վստահ եմ, որ ապագայում կկարողանանք ձևավորել այնպիսի կառավարություն, որ կարողանա քանդել խնդիրների այս ողջ կծիկը։ Հավատացեք, մենք ունենք ընտրություն, մենք ծուղակում չենք, մեզ անհրաժեշտ են գործին հավատարիմ, իրական մասնագետներ։ Մեզ պետք է, որ յուրաքանչյուրը լինի իր տեղում և անի առավելագույնը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան