ԼՂ կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումը․ Արա Այվազյան
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց։ Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ խաղաղ կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Կարգավորման սկզբունքները, Արա Այվազյանի խոսքերով, մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և «մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման ու ակտիվացման մեջ»։
«Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվել է ապրիլի 13-ի հայտարարությունում առ այն, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի վերջնական, համապարփակ ու կայուն կարգավորման ձեռքբերմանը, կողմերին հայտնի տարրերի ու սկզբունքների հիման վրա»,- նշեց Այվազյանը։
ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մանրամասն քննարկվել է այն իրավիճակը, որ ձևավորվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ ուղղված ադրբեջանաթուրքկան ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունն առանցքային դեր է կատարել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում։
Այվազյանի խոսքով՝ ՌԴ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը, միևնույն ժամանակ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց, Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հակամարտության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիների ու պատանդների կարգավիճակով գտնվող քաղաքացիական անձանց։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին:
«Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը: Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը»,-ասաց Արա Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք նվազեցնում ջանքերն՝ ուղղված բոլոր պահվող անձանց վերադարձին, մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը․ Լավրով
- Լավրովն ու Այվազյանը ստորագրել են Հուշագիր՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով
- Լավրով․ Պետք չէ այսօր քաղաքականացնել գործընթացը, այն ընթանում է բավական բարդ
- Լավրովը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ Ցանկացած հարց, որ կարող է դրվել պայմանավորվածություններին հակառակ, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք
- Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան