Ռազմական գործողությունների ընթացքում եղել են գլխատումներ ու մարմնի մասերի անդամահատումներ. Թաթոյան
2020 թվականի սեպտմբերի 27-ին Արցախյան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ուղեկցվել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ հարձակումներով։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այդ ընթացքում Հայաստանի և Արցախի պաշտպանները գործել են համատեղ՝ մի օրգանիզմի պես՝ փոխադարձ աջակցելով իրար։ Պատերազմի ընթացքում հատկապես ընդգծվեց Արցախի ՄԻՊ գրասենյակի կայացվածության բարձր նշաձողն ու միջազգային դերը՝ որպես Արցախի ժողովրդավարության կարևորագույն ցուցիչ։ Ադրբեջանական զինուժի հանցավոր արարքները հանգեցրին քաղաքացիական բնակավայրերի զանգվածային ավերածությունների։ Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին, ռազմական գործողությունների ընթացում եղան խոշտանգումներ, գլխատումներ ու մարմնի մասերի անդամահատումներ։ Այդ դաժանություններն իրականացնելուն մասնակցում էին նաև վարձկան ահաբեկիչները»,-ներկայացրեց Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ հաձրակումներն ու ավերածություններն ուղեկցվում էին լայնածավալ թշնամանքի քարոզով, բռնության տեսարանների՝ հայկական տիրույթում միտումնավոր տարածումներով։ Բացի այդ, ըստ պաշտպանի, այդ ամենին զուգահեռ տեղի են ունեցել հարյուրավոր քաղաքացիական անձանց ու զինծառայողների գերեվարումներ, որոնց ազատ արձակելուց հրաժարվում են Ադրբեջանի իշխանությունները՝ խախտելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հիմնարար դրույթները։
«Ադրբեջանական իշխանությունները հոգեկան տառապանքներ էին շարունակաբար պատճառում և շարունակում են պատճառել գերիների ու անհետ կորածների ընտանիքներին, խաղում են Արցախի և Հայաստանի քաղաքացիների զգացմունքների հետ, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերն օգտագործում են քաղաքական նպատակների համար։ Ադրբեջանական իշխանություններն ապօրինաբար թաքցնում են գերիների թիվը...։ Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձինք ու զինծառայողները կարգավիճակով գերի են՝ հենց այն հիմնարար պատճառով, որ Արցախում դեռ առկա է ընթացիկ, չավարտված զինված հակամարտություն, այն ավարտված չէ։ Ուստի ադրբեջանական իշխանությունները չեն կարող նրանց ահաբեկիչ կամ դիվերսանտ համարել, և հարցը նոյեմբերի 9-ի սոսկ ամսաթվի հետ կապելն անթույլատրելի է»,- նկատեց Արման Թաթոյանը
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՄԻՊ գործունեությունը օրինակ է մի շարք երկրների համար. Արման Թաթոյան
- Թաթոյանը քիչ անց ԱԺ-ում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան