Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
Հայաստանում 2016 թվականին հիմնադրված, 2021 թվականին 125 մլն դոլար գնահատվող Krisp ընկերությունն այսօր երկու լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։
Machine learning-ի խորացված գիտական հետազոտությունների արդյունքում աղմուկի հեռացման լավագույն ալգորիթմը ստեղծած գիտահետազոտական խմբի հաջողությունները կորոնովիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն արագացրեցին։ Ընկերության պրոդուկտի առաջին թողարկումը 2018 թվականին էր, իսկ 2020-ին հեռավար աշխատանքի, կրթության անցած աշխարհին հենց նման պրոդուկտ էր պետք։
«Մենք գիտեինք, որ աշխարհը գնում է հեռավար աշխատանքի ուղղությամբ։ Հենց դրա համար էլ այդ ոլորտում էինք, ու մեր պրոդուկտն այդպիսին էր։ Բայց բնականաբար, համավարակի ժամանակ մեր պրոդուկտի պահանջարկն էականորեն մեծացավ։ Մենք շատ երջանիկ էինք, որ մեր երեք տարիների աշխատանքի արդյունքն այդքան մարդկանց պետք եկավ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է ընկերության համահիմնադիր, ֆ.մ.գ.թ. Արտավազդ Մինասյանը։
Մինասյանն ու իր հիմնադրած ընկերությունը միացել են գիտության հատկացումների ավելացման պահանջով հանդես եկող «Գիտուժ» նախաձեռնությանը։
Համավարակի ընթացքում Krisp-ի պրոդուկտի պահանջարկի կտրուկ ավելացման՝ միլիոնավոր ներբեռնումների, աշխարհի խոշորագույն զանգերի կենտրոն համարվող ընկերությունների՝ հաճախորդ դառնալու արդյունքում ընկերությունը 14 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում ստացավ, այն այս պահին գնահատվում է 125 մլն դոլար։ Աշխարհի 500 ամենախոշոր ընկերություններից մոտ 100-ը հայկական այս ընկերության հաճախորդներն են։ Թիմը կազմված է 115 հոգուց, նրանց 85 տոկոսն աշխատում է Հայաստանում, մյուսները՝ տարբեր երկրներում։ Գիտահետազոտական խմբում այս պահին ներգրավված է 35 մարդ, մինչև տարեվերջ կանցնի 50-ը։
Ընկերության մասնագետներն այս պահին աշխատում են նաև խոսքի ընթացքում զգացմունքների ճանաչման, խոսքը տեքստի վերծանելու, վիդեո սեգմենտավորման խնդիիրների ուղղությամբ, ունեն մեծ առաջընթաց բոլոր ուղղություններով։
Նման հաջողություններ գրանցած ընկերությունն այսօր կանգնած է գիտնականներ գտնելու խնդրի առաջ։
«Քանի որ մեր ընկերությունը հիմնված է գիտական ինովացիայի վրա, կարիք ունենք անընդհատ համալրել մեր գիտական ներուժը։ Մենք տեսանք, որ Հայաստանում գիտությունը մահանում է, ինչի հետևանքով մեզ համար կոշտ սահման (hard limit) է առաջացել ու մենք չենք կարողանում նոր տաղանդավոր գիտնականներ ներգրավել»,-ասում է Արտավազդ Մինասյանն ու բերում սեփական օրինակը, հաջողակ ընկերության հիմքը դրվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում գիտական խմբի ստեղծմամբ, մինչդեռ հիմա նման խմբեր չկան։
Արդյունքում այս տարվա ընթացքում գետահետազոտական խմբում ներգրավված բոլոր երեք անձինքն էլ արտասահմանցիներ են։ Թիմում ընդգրկվելու համար գիտնական գտնելու փնտրտուքներով հասել են Ռուսաստան, Բելառուս, Լեհաստան ու այլ երկրներ։
Նա հիշում է, 15 տարի առաջ իր կուրսում սովորում էր 100 ուսանող, որից 10-15-ը տաղանդավոր գիտնականի կերպար, գիտելիք ու ցանկություն ունեցող մարդիկ էին, մինչդեռ հիմա ֆիզիկայի ֆակուլտետ տարեկան ընդունվում է 20-30 հոգի։
«Ես ուզում եմ շեշտել, մեր ընկերությունը չէր լինի, եթե Հայաստանում չլիներ գիտական դպրոց։ Որպեսզի նման նոր ընկերություններ ստեղծվեն, ավելի զարգանան, պետք է գիտական դպրոցը մեծացնել ու զարգացնել։ Իսկ դրա շարժիչ ուժը պետությունն է։ Ինչպե՞ս է աշխատում շղթան։ Պետությունը ներդրումներ է կատարում գիտության մեջ։ Այնուհետև գիտության արդյունքում ստեղծվում է նոր գիտելիք, այն փոխակերպվում է բիզնեսմեների կողմից նոր պրոդուկտի կամ տեխնոլոգիաների, հետո բիզնեսմեները հասնում են մեծ հաջողությունների, գեներացնում են մեծ եկամուտներ, մուծում են շատ հարկեր, պետությունն էլ հատկացումներն է ավելացնում»,-մանրամասնում է գիտությունների թեկնածուն ու ավելացնում, որ իր հիմնադրած ընկերությունն այժմ պատրաստվում է արհեստական բանականության լաբորատորիա հիմնել ԵՊՀ-ում, համաֆինանսավորել կրթական ծրագրեր։
Նաև սեփական ընկերության փորձով գիտության կարևորությունը գիտակցող Արտավազդ Մինասյանը փաստում է, եթե պետությունը սկսի երկարաժամկետ ներդրումներ անել գիտության մեջ, ապա հինգ տարի անց կլինի ոչ թե 2-3 Krisp, այլ տասնյակ նման ընկերություններ։
Իսկ եթե պետությունը չլսի ու չկատարի «Գիտուժ»-ի պահանջը՝ գիտության հատկացումների շարունակական ավելացման մասին, ապա հետևանքներն անդառանալի կլինեն։
«Հայաստանում կմահանա գիտահետազոտական ոլորտը, ինչը նշանակում է, որ Հայասանում չի ստեղծվի գիտելիք, հետևաբար չեն լինի գիտելիքահեն տնտեսություն, ռազմարդյունաբերություն... Մենք որպես երկիր չենք տարբերվի Մոզամբիկից ու այլ երկրներից, որոնք ունեն սպառող հասարակություն ու նոր գիտելիք չեն ստեղծում»,-գիտության հատկացումների չավելացման հնարավոր հետևանքները ներկայացնում է Krisp-ի հիմնադիրն ու ընդգծում, որպես ազգ ու պետություն չպետք է թույլ տանք, որ Հայաստանում գիտությունը մահանա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Մովսիսյան. Ունենք լավ գիտնականներ, չունենք գիտելիքահեն տնտեսություն
- Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
- «Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
- «Գիտությունը հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը առաջնահերթություն է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան