Արա Այվազյան. Ռազմագերների վերադարձի խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի
«Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Արա Այվազյանն ընդգծել է, որ ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը:
«Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:»,-ընդգծել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։
Դիմելով Սերգոյ Լավրովին, Այվազյանը նշել է, որ նրա՝ Հայաստան այցի շրջանակներում սկսել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու են դրանք օրվա ընթացքում:
«Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը»,-ասել է Այվազյանը։