Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան
«Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան և լիահույս ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունըը կյանքի կոչելու ուղղությամբ»,-այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ արդեն իսկ բազմաթիվ են Ադրբեջանի կողմից Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերը, որոնք դրսևրովում են ինչպես այդ ժառանգության ինքնության խեղմամբ, այնպես էլ՝ եկեղեցու հիմնահատակ ավերմամբ, օրերս էլ տեղեկություն տարածվեց Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքի փոփոխման մասին, ԱԳՆ հայտարարություններից զատ, ինչ քայլեր են ձեռնարկվում պահպանելու հայկական ժառանգությունը:
Արա Այվազյանի խոսքերով, պատմամշակութային ժառանգությունն ու դրա պահպանությունն ընդհանրապես մարդու իրավունքների մասին է և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի երկուսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանի։
«Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի ութին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցող մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են մայր տաճարի վերկառուցման աշխատանքներում հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։
Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, միակողմանի, կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի, միջազգային իրավունքի նորմերը։
Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,-ասաց Արա Այվազյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին