Կարևոր է, որ ՄԻՊ-ը կառավարության՝ բուհերի ինքնակառավարման մասին որոշումը ՍԴ-ում վիճարկի. Սիմոնյան
«Կառավարության վարքագիծը չափազանց բացասական պետք է գնահատել, երբ ակնհայտորեն արհամարհական վերաբերմունք է դրսևորվում ԱԺ-ի, ՍԴ-ի և նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ կրթության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը գնացել է ՍԴ, բայց Կառավարությունը գաղտնի որոշում է ընդունել առանձին բուհերի ինքնակառավարման մասով»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, դա անընդունելի վարքագիծ է, քանի որ բոլոր դեպքերում ՀՀ-ում պետք է գերակայի գիտելիքը, այլ ոչ թե քաղաքական շահը։
«Մենք պետականությունը կարող ենք առաջ տանել, երբ այն գիտելիքով կկառավարենք, իսկ եթե մենք գիտելիքը հաշվի չենք առնում, արդեն լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։ Եվ կարևոր է, որ ՄԻՊ-ը կառավարության այս որոշումը ՍԴ-ում վիճարկի։ Հուսով եմ՝ դա շուտ կլինի, որ այնպես չստացվի՝ բուհերում կառավարման համակարգերի փոփոխություն լինի, բայց այս գործընթացը դեռևս ընթացքի մեջ լինի»,- նշեց նա։
Բացի այդ, Տարոն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների բնագավառում մարդիկ իրենց մտքում պետք է ունենան մի բան, որ մարդու իրավունքների հիմքը մարդկային արժանապատվությունն է։
«Երբ մենք զբաղվում ենք մարդու իրավունքների պաշտպանությամբ, մենք զբաղվում ենք մարդկային արժանապատվության պահպանությամբ։ Ընդհանրապես, իմ կարծիքով մարդու արժանապատվությունը բխում է 4 ազատություններից։ Առաջինը մարդու ազատությունն է վախից, երկրորդ՝ ազատությունն է կարիքից, երրորդ՝ զարգացման ազատությունն է, չորրորդ՝ ինքնաիրացման ազատությունն է։ Այս չորս հիմնական ազատությունները գործում են և՛ զուգահեռաբար, և՛ աստիճանակարգային նշանակություն ունեն»,- ասաց պատգամավորը։
Միևնույն ժամանակ, Տարոն Սիմոնյանը նշեց, որ Արցախյան վերջին պատերազմը հայերին զրկել է առաջին ազատությունից՝ ազատություն վախից։
«Եվ երբ մենք այցելում ենք սահմանամերձ համայնքներ, այդտեղ նվազագույն իրավունքների պաշտպանության կարիք կա. մարդիկ սկսել են իրենց անվտանգային միջավայրում անվտանգ չզգալ։ Անվտանգային միջավայրը մեզ համար առաջնային է։ Մենք չենք կարող չլուծել նաև կարիքից ազատության իրավունքների հարցերը, բայց խոսել այլ իրավունքների մասին։ Մարդու իրավունքների պաշտպանության հասցեատերը պետությունն է՝ ի դեմս կառավարության»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայն չեմ այն դիրքորոշման հետ, որ որպես փաստարկ բերվում է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը. Թաթոյան
- Վերջին շրջանում ավելացել են լրագրողների հարցերին պատասխանելու անհիմն մերժումները. ՄԻՊ
- Մարդիկ երեկոյան ժամերին խուսափում են գնալ Կապան, նույնիսկ եթե բժշկական օգնության կարիք ունեն. Թաթոյան
- Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գլխավոր խնդիրը խուճապային վիճակն էր. Թաթոյան
- Ադրբեջանական կողմը ներկայացնում է մեր պատգամավորների հնչեցրած խոսքերը որպես մեր պահանջներին հակափաստարկ. Տարոն Սիմոնյան