Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը:
Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը:
Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը:
Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»:
Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին. Արցախի ՄԻՊ
- Մայիսի 9 -ին ընդառաջ թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները․Հունան Թադևոսյան
- Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները
- ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողով․ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն
- ԱՄՆ զեկույց․ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծումը պետք է հետաքննվի, մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության
- Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
- Human Rights Watch. Ադրբեջանի հարձակումը Ղազանչեցոց եկեղեցու վրա հնարավոր ռազմական հանցագործություն է
- Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան