Լիա Իվանյան. Մի՛ հաբրգի
Ժամանակին մի պատմվածքում գրել էի՝ «․․․հայտնում եմ հստակ համոզմունքս այն կապակցությամբ, որ ավելի ու ավելի օրախնդիր է դառնում «Մի՛ հղփանար» 11-րդ պատվիրանի ընդունումը և հաստատումը»։
Հեղինակի իրավունքով հղումները չեմ անում և մեջբերումն անում եմ իմ ուզած չափով, քանի որ հետաքրքրող մասը «Մի՛ հղփանար» միտքն է։ Այնպես չէ, որ նման պատվիրան լինելու դեպքում բոլորը խստորեն կհետևեին դրան, ինչպես որ ոչ բոլորն են պահում տասը պատվիրաննները։
Բայցևայնպես միջին վիճակագրական մարդը ներքուստ առանձնապես հակված չէ պատվիրրանները խախտելու։ Գուցև հղփանալ-հաբրգելուց ևս շատերը կաշխատեին զերծ մնալ, եթե իմանային, որ դա ևս Բարձրյալի կողմից դատապարտելի է։ Իսկ որ դատապարտելի է՝ ցույց է տվել մարդկության փորձը, քանզի ոչ մի հաբրգած լավ վախճան չի ունեցել։
Այս կիսագեղարվեստական սկզբից հետո դիմում եմ իրենց իշխանություն հորջորջող պատգամավորներին, նախարարներին, մարզպետներին, մեծ ու միջին պաշտոնյաներին՝ մի՛ հաբրգեք․․․
Ձեր անցած ու անցնելիք ճանապարհն այնքան կարճ է, որ երեք տարվա չհիմնավորված հաբրգածության համար հետագա ողջ կյանքում բումերանգը ճակատներիդ է գալու։ Հիշեք, որ հանրապետականներին կործանեց իրենց իշխանության հատկապես վերջին տարիների հաբրգածությունը, իսկ դուք ընդամենը երեք տարում գերազանցեցիք նրանց ձեր հաբրգածության և՛ ծավալներով, և՛ խորությամբ, և՛ կործանարար ուժով։ Դուք երկիրը կործանեցիք։
Եթե այդքան շուտ չհղփանայիք՝ սուտը չէիք դարձնի ձեր ապրելաձևը, օտար տերերի և ուժերի շահերը չէիք սպասարկի ԱԺ-ում և կառավարությունում, ժողովրդին ավանակի տեղ չէիք դնի ձեր ընդունած պատեհապաշտ օրենքներով։ Ո՞վ չի հասկանում օրինակ ձեր հաշվակը, երբ ափալ-թափալ ընտրական օրենսգրքում փոփոխություներ եք անում՝ իջեցնելով կուսակցությունների անցողիկ շեմը, բարձրացնելով դաշինքներին, և հայտարարելով, որ մասնակցում եք մեկ կուսակցությամբ։ Իսկ եթե վաղը ձեր ահ ու սարսափ ընդդիմադիրները հայտարարված դաշինքները ցրեն և որպես կուսակցություններ հանդես գան՝ ի՞նչ եք անելու․․․ թարմ թխած օրենքը հապշտապ փոխելո՞ւ եք։
Եթե միայն նույն այդ տքնաջանությամբ երկրի բարգավաճման համար հաշվարկներ անեիք, ինչպես որ աշխատում եք եկող խորհրդարանում մեկ-երկու հոգի ավել վերարտադրվելու համար՝ էս օրին երևի չէինք հասնի։
Ենթադրենք ապահովեցիք ձեր ներկայությունը ապագա խորհրդարանում, բա ձեր մեղքերը ո՞նց եք պարտակելու։ Ինչո՞ւ եք մտածում, որ կմոռացվեն ԱԺ-ում և կառավարությունում ձեր գործունեության խութերը՝ չզեկուցվող հարցերի տակ պետականքանդ որոշումների ընդունումը; ՍԴ, ԲԴԽ դատավորների ընտրությունները; դատարանների շրջափակմանը մասնակցելը; ապազգային որոշումների ընդունումը և կոնվենցիաների վավերացումները; թիրախ ընտրված մարդկանց վրա «ֆաս» հրամանով հարձակումները; 44 օրյա պատերազմում ամեն օր խաբելը; պատերազմի ժամանակ պարգևավճաներ ստանալը; ադրբեջանցի-թուրքին ձեռնտու ուղղությամբ գնալը․․․ Կարծում եք ՝ պատգամավորական անձեռնմխելիություն ստանալով կպլստա՞ք պատասխանատվությունից։
Ձեր լիդերի մասին չեմ էլ խոսում, նրա մասին ամեն ինչ ասված է սյունեցիների ողջույնի կոչերում։ Ինքներդ մտածեք, թե ում եք ծառայում և ինչի համար։ Նրա բոլոր հանցանքներին մասնակից եք նաև դուք։ Շուշին ու Հադրութը մենակ ձեր շեֆը չի հանձնել, Սյունիքի սահմանները մենակ ինքը չի բզկտել, 5000 զոհված տղերքի արյան մեղքը մենակ ձեր շեֆի խղճին չէ։ Դուք եք նրան թիկունք եղել, դուք եք մասնակցել ստի ու անբարոյականության այդ տոնավաճառին, և եթե ոչ նրա չափով, ապա ամեն մեկդ ձեր չափով պատասխան եք տալու օրենքի, մարդկանց և Աստծո առաջ։ Ներքուստ ինքներդ էլ գիտեք, որ նոյեմբերի 10-ից հետո նրա կողքին մնալը գրեթե զրկում է ձեզ ներված լինելու հնարավորությունից։ Սխալվել կարելի է, բայց սխալի մեջ գիտակցաբար խորանալն արդեն հանցանք է։
Եթե այնքան խելք ունենայիք, որ ճանաչեիք ձեր չափը, չմտածեիք, որ ուրիշի ուսապարկ դառնալով փող աշխատելը միայն ծախու մարդկանց կենսաձևն է, մանկապարտեզից պատգամավոր կամ նախարար դառնալը ձեր կախվածության արտահայտությունն է, այլ ոչ թե սեփական ուժերով ու խելքով կարիերայի առաջխաղացում՝ այդքան արագ չէիք հաբրգի։
Աստծով, եթե վաղը-մյուս օրը մեր երկիրը կարգավորվի, դուք ինքներդ ձեր աշխատանքային գրքույկներից կջնջեք այս երեք տարվա ձեր գործունեությունը, որը կարծում էիք թե ձեզ բարձր թոշակ ու սոցիալական ստատուս կտա։ Դուք վերացած, անիծված մարդիկ եք։
Իսկ սրան հասաք միմիայն ժամանակից շուտ ու շատ հղփանալու պատճառով։ Ասում ենք էլի՝ մի՛ հաբրգեք․․․
Հ․Գ․ Ֆրիդրիխ Էնգելսն ասել էր՝ «Հնարավոր չէ փախչել ճակատագրից, այլ կերպ ասած՝ չես փախչի քո սեփական արարքների անխուսափելի հետևանքներից»։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Մի դերասանի թատրոն
- Լիա Իվանյան. Թեմա վարիացիաներով
- Լիա Իվանյան. Հայաստա՞ն, թե՞ անողնաշար մի տարածք
- Լիա Իվանյան. Դիվային քառյակ
- Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
- Լիա Իվանյան. Վտանգված կապեր
- Լիա Իվանյան. Հեռացե՛ք, թրքասերներ
- Լիա Իվանյան. Մեծ կռիվը դեռ չի ավարտվել
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս
- Լիա Իվանյան. Պետական մտածողության մասին
- Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․
- Լիա Իվանյան. Ի վերջո ո՞վ կհաղթի
- Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին