Ազնվագույն երիտասարդների սերունդը հավաքեցին տարան, կրակի համար ցա՞խ էին հավաքում. Ռազմիկ Դավոյան
«Փառահեղ ազնվագույն, հայրենասեր երիտասարդների սերունդը հավաքեցին տարան, կրակի համար ցա՞խ էին հավաքում, որ տանեին վառեին թուրքերի և ազերիների ոտքերի առաջ և սկսեն տաքացնել իրենց ձեռքերը, դեռ Ամերիկային էլ հրավիրել, որ նա էլ գա ձեռքերը տաքացնի այդ խարույկի վրա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց գրող Ռազմիկ Դավոյանը՝ հավելելով, որ գործող իշխանություններից միայն այդ հարցի պատասխանը պետք է պահանջել:
Նրա խոսքով՝ իշխանություններից այլ բան պետք չէ պահանջել, քանի որ ունակ չեն ոչ մի այլ բանի:
Նկատելով, որ հասարակության մեջ դեռ կա մի փոքր զանգված, որը հավատալով կամ շահագրգռված լինելով դեռ տալիս է իշխողների անունը՝ Ռազմիկ Դավոյանը նշեց. «Փաշինյանը, հորինելով այս ընտրությունները, իր տերերին ասում է, որ գնում է մինչև վերջ՝ իր խոստումները կատարելու, որ նրանք չասեն, թե ինքը ինչո՞ւ և որտե՞ղ կանգնեց»:
Ըստ գրողի՝ ընտրություններում պարտվելը Փաշինյանի համար հարցի մի լուծում կլինի, բայց եթե նա գնում է վերարտադրվելու, ապա այն միանգամայն կործանարար կլինի մեր ժողովրդի համար և հասարակությունը պետք է կենտրոնանա այն թույլ չտալու համար:
Շեշտելով, որ ընտրողների մեծ մասը ոչ մի ուժի օգտին չի ուզում քվեարկել՝ Դավոյանը կոչով դիմեց նրանց. «Երրորդ ուժ ուզեք, բայց այն մեր ժողովրդի ամբողջ աշխարհի հավաքական ներուժն է, որը պետք է խոհեմաբար հավաքել այն անձանց շուրջը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից»:
Գրողի համոզմամբ՝ Ռուբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից և տանել փրկության ճանապարհով, իսկ այն, որ կարևորագույն որոշ բաներ վերադարձնելու հնարավորություն դեռ կան, նա համոզվել է Սերգեյ Լավրովի խոսքերը լսելիս:
Անդրադառնալով հայրենիքի փրկության շարժման չկայացման խնդրին՝ Ռազմիկ Դավոյանը ասաց. «Ընդդիմությանը շատ պետք չէ մեղադրել, քանի որ նրանց գործն ազնիվ էր, բայց խայտառակ իրավիճակը փոխելու համար հնարավորություններ կային և նրանք բաց թողեցին այն, որը սարսափելի սխալ եմ համարում»:
Նրա խոսքով՝ իրավաիճակի համար միայն իշխանությունը պատասխանատու չէ, դրա մեջ պատասխանատվության իրենց բաժինն ունի նաև ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը, որոնք զբաղված են մեղադրանքներ առաջադրելու գործով, և մարդկանց դնում էին անիրական վիճակների մեջ:
Ըստ Դավոյանի՝ երբ իրավիճակը գագաթնակետի էր հասել և բանակը հայտարարություն էր արել, ճիշտ այդ ժամանակ ոստիկանությունը պետք է միանար բանակին և ասեր, որ եթե բանակը պատասխանատու է երկրի պաշտպանության և ժողովրդի ապահովության համար, ապա ինքն էլ պետք է պատասխանատվություն կրի:
«Ոստիկանությունն այն չարեց և վերածվեց իշխանության և նրա շուրջ համախմբվածների ընտանեկան ապահովության զորքի, իսկ ընդդիմությունը մնաց տկլոր»,- հայտարարեց բանաստեղծը և պնդեց, որ այն պահին, երբ եղավ գեներալիտետի պահանջը, ընդդիմությունը պետք է համախմբվեր ՊՆ-ի շուրջ, ինչը չարեց: