Հակառակորդ երկրի բազում պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ են հայտարարվել. Դավթյան
«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասը տրամադրվում է գերիների վերադարձի հետ կապված աշխատանքներին, այդ առումով ՌԴ գլխավոր դատախազը ևս ամբողջությամբ ներգրավված է գործընթացում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրա խոսքով, այդ խողովակը օգտագործելով հայկական կողմը հնարավորություն է ստանում ցուցակները ճշգրտելու և հատկապես, գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունը փոխանցել, դրանով նաև հստակ պահանջներ դնել, որ այդ ամենին պետք է հետևեն հստակ իրավական գործընթացներ։
«Այդ բոլոր փաստական հանգամանքները քրեական գործերով են արձանագրվում, և այդ ապացուցողական բազայի համապատասխան տեղեկությունը տալիս ենք մեր ռուս գործընկերներին»,- նշեց նա։
Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ հակառակորդ երկրի բազում պաշտոնյաների նկատմամբ հետախուզումներ են հայտարարվել, բայց դրա մասին հրապարակային խոսելն այս պահին նպատակահարմար չէ։
«Մենք խնդրին վերաբերում ենք իրավական հաթության մեջ։ Բացի այդ, մենք նաև հակաքայլեր ենք արել բոլոր այն դեպքերով, երբ թշնամին հետախուզում է հայտարարել հայ պաշտոնյաների նկատմամբ, և այդ առումով, նա որևէ հաջողություն չունի, մեր քաղաքացիների նկատմամբ որևէ հետախուզման գործ հաջողության չի հասել»,- նշեց նա։
Հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն գործող կամ ներկա պաշտոնատար անձինք, գլխավոր դատախազը պատասխանեց՝ ասելով, որ նախկին զինծառայող կա գործով անցնող։
«Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել ու ուղարկվել է դատարան»,- ասաց նա։