Դատավոր Արման Հովհաննիսյան. Ողջամիտ հիմքեր կան՝ կարծելու, որ ԱՆ որոշումը միջամտություն է իմ անկախությանը
«Իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կարդացել եմ, ամենայն անկեղծությամբ, չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ռուստամ Բադասյանի՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմանը։
Դատավորը հաստատեց, որ կարգապահական վարույթի հարուցումը կապված է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործի հետ։ Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանի որոշմամբ Աշոտ Երկաթ մականունով հայտնի Մինասյանը չէր կալանավորվել։
«Ես չեմ հասկացել, թե իմ կարգապահական խախտումն ինչումն է դրսևորվում։ Հարուցման որոշման մեջ գրված է, որ հիմնավոր կասկածի բացակայությունն առերևույթ չպատճառաբանված է, սակայն մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից ու անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման առարկա չեն։ Հիմա ես չեմ հասկանում՝ այդ դատական ակտը չպատճառաբանվա՞ծ է, թե՞ շատ պատճառաբանված է ու դուրս եմ եկել սահմաններից»,- նշեց դատավորը։
Արման Հովհաննիսյանն ասաց, ունի ողջամիտ հիմքեր կարծելու, որ այո, դա միջամտություն է իր անկախությանը, անկաշկանդ աշխատանքին ու որոշումներ կայացնելուն։
«Երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոցի միջնորդությունը քննեցի ու այն չբավարարեցի, դրանից հետո հաջորդեցին մի շարք պաշտոնյաների, այդ թվում ԲԴԽ անդամ թեկնածուների հայտարարությունները։ Ճիշտ է, Աշոտ Մինասյանի անունը ոչ ոք չի տվել, բայց այնպիսի հանգամանքներից էին խոսում, որ բոլորին էլ պարզ էր, խոսքը հենց Աշոտ Մինասյանի գործի մասին է»,-ասաց դատավորը։
Արման Հովհաննիսյանն անթույլատրելի է համարում դատարանների որոշումների վերաբերյալ պաշտոնյաների կողմից հայտարարություններ, մեկնաբանություններ անելը։
«Կարծում եմ, ցանկացած պաշտոնյա պետք է զերծ մնա դրանից, որպեսզի չկաշկանդի որևէ մեկին, այդ թվում դատավորին, դատախազին, քննիչին, նրանք որևէ կանխակալ մոտեցում չարտահայտեն այս կամ այն գործի հետ կապված»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ռուստամին ու Նիկոլին դուր չի եկել դատավորի կայացրած որոշումներից մեկը
- Ռուբեն Մելիքյան. Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից
- Արամ Վարդևանյան. Նորություն չէ, որ դատավոր Հովհաննիսյանը քաղաքական պատվերներ չի կատարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան