Սոֆիա Հովսեփյանը հրապարակեց Արցախից բռնագաղթվածների նամակն՝ առաջիկա ընտրությունների մասնակիցներին
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն ԱԺ այսօրվա նիստի ավարտին ունեցած ելույթի ժամանակ հայտնեց, որ վերջին շրջանում անընդհատ հանդիպում է Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակիչների հետ և նրանք ընդհանուր մեկ նամակով դիմել են առաջիկայում կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
Պատգամավորն ընթերցեց նամակը, որում ասվում էր.
«Մենք՝ Արցախի Հանրապետության Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի և Ասկերանի շրջանների բռնի տեղահանված բնակիչների ներկայացուցիչներս, Ազգային ժողովի և Հայաստանում գտնվող հայտնի և քիչ հայտնի ուժերին ենք դիմում հետևյալով.
Դո՛ւք բոլորդ հավակնում եք դառնալ գալիք Ազգային ժողովի և կառավարության անդամներ և մոտակա ամիսներին հանրությանն եք ներկայացնելու ձեր կուսակցական ծրագրերը: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպիսի լուծումներ եք դուք տեսնում հետևյալ խնդիրների համար՝
Արցախի կարգավիճակի, Արցախի բնակչության անվտանգության խնդիրների, Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային հարցերի, բռնի տեղահանվածների գործազրկության խնդիրների, օկուպացված շրջաններում բնակիչների կողմից թողած անշարժ և շարժական գույքի փոխհատուցման հարցերով»:
Սոֆիա Հովսեփյաը խնդրեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, որոնք հավակնում են մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին, տան ներկայացված հարցերի պատասխանը, քանի որ այդ խնդիրներով բոլոր դիմումները, որոնք ուղղվում են իշխանություններին, որոշակի լուծումներ դեռ չեն ստացել:
«Նրանք ուզում են հասկանալ, որ այն մարդիկ, որոնք ուզում են դառնալ հաջորդիվ խորհրդարանի և կառավարության անդամ, ինչ լուծումներ կառաջարկեն իրենց հուզող հարցերին»,- հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Հաշվեքննիչ պալատը նոր անդամ ունի
- «Հայփոստ»-ի մոտ 150 աշխատակիցներ առաջիկա օրերին զրկվելու են իրենց աշխատանքից. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան