Սպիտակ տուն. ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց լինեն անհրաժեշտ պայմանները կատարող երկրների համար
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ընձեռել անդամակցել ցանկացող այն երկրներին, որոնք պատրաստ են անդամակցության և կկարողանան կատարել անհրաժեշտ պայմանները, հինգշաբթի օրը հայտնել են Սպիտակ տնից, գրում է Ամերիկայի ձայնը։
Այս մասին ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Փիերը՝ նախագահական ինքնաթիռում թռիչքի ժամանակ պատասխանելով լրագրողները հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Սպիտակ տունը ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում:
Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղևորությունը Կիև նպատակ ունի հաստատելու, որ Միացյալ Նահանգները «սատարում են Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը»:
«Նրա այցը նաև կարևորում է Ուկրաինայի կողմից առանցքային օրենքների ընդունման կարևորությունը` օրենքի գերակայությունը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք կամրապնդեն Ուկրաինայի ժողովրդավարությունն ու տնտեսությունը և կօգնեն նրան շարժվել դեպի եվրաատլանտյան ինտեգրացիա», - ասաց նա:
«Բայդենի վարչակազմը պարտավորվում է բաց պահել ՆԱՏՕ-ի դռները դաշինքին միանալ ցանկացողների համար, երբ նրանք պատրաստ լինեն և կարողանան կատարել իրենց ստանձնած պարտավորությունները», - ավելացրեց նա:
Բլինքենը, ելույթ ունենալով Կիևում, ասաց, որ Վաշինգտոնը կարող է ավելացնել իր օգնությունը Ուկրաինային ՝ Ռուսաստանի «անխոհեմ և ագրեսիվ» գործողությունների պայմաններում:
Պետքարտուղարը նաև ասել է, որ Բայդենը շատ կցանկանար այցելել Ուկրաինա և հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն չմանրամասնեց ոչ այս հարցի, ոչ էլ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ձգտումների մասին:
Ռուսաստանի հետ հակասությունը Կիևին դրդեց ԱՄՆ-ին և Եվրոպային հորդորել արագացնելու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան