Վերջին շրջանում իշխանությունների քայլերը միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կատարվածը համարում է հետապնդում բացառապես մի բանի համար, որ նա փորձել է իրականացնել, ապահովել դատական իշխանության անկախությունը:
«Պարոն Վարդազարյանի մեղքը, իմ կարծիքով, բացառապես այն է, որ փորձել է իրականացնել իր սահմանադրական իրավունքներն ու լիազորությունները, ինչը չի բավարարել այս իշխանություններին, որովհետև շատ լավ գիտեք, որ վերջին շրջանում նրանց քայլերը միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը նշեց, որ դատական համակարգի հետ կապված հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
«2018 թ. հոկտեմբերից զբաղեցրել եմ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետի պաշտոնը, ի պաշտոնե մեր օպերատիվ ստորաբաժանումները հակահետախուզական ապահովման գործառույթ են իրականացել իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ:
Վստահաբար կարող եմ ասել, նաև օպերատիվ դիրքերից ելնելով, Ռուբեն Վարդազարյանին անձամբ ճանաչելով, նա բավականին փորձառու, հմուտ հեղինակավոր անձնավորություն է: Այն, ինչի մեջ մեղադրում են Վարդազարյանին, իմ կարծիքով, ուղղակի զավեշտ է:
Վարդազարյանի պես փորձառություն ունեցող մարդը չէր կարող նման միամտություն աներ և փորձեր ընդամենը մի քանի ամսվա դատավորին միջամտություն աներ, որը հիմա գնահատվեր որպես արդարադատությանը խոչընդոտել կամ միջամտել:
Վստահ եմ, որ նա ունակ է պաշտպանվելու և կտեսնենք դատական հեռանկար կունենա այդ գործը, թե ոչ»,- ասաց Մ. Համբարձումյանը:
Ինչ վերաբեում է դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն, Մ. Համբարձումյանն ասաց, որ անձնապես է ճանաչում նրան, նաև օպերատիվ դիրքերից գիտի, սկզբունքային, օբյեկտիվ, չնայած իր երիտասարդ տարիքին, կարճ ժամկետ աշխատանքին, բավականին հեղինակություն վայելող դատավոր է: Նա վստահ է, որ այս իրավիճակից պարոն Հովհաննիսյանն ավելի ամրացած դուրս կգա ու կշարունակի նույն ձև աշխատել:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից
- Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին