«Հրապարակ». ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։ Արման Թաթոյանը երեկ ասել է, որ որոշումը խնդրահարույց է և հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին՝ բուհերի ինքնավարությանը, ինչպես նաև հաշվի չի առնվել մասնագիտական հանրույթի տեսակետը։ Նոր կարգով՝ նվազեցվում է խորհուրդների անդամների թիվը, որոնց 65%-ին կնշանակի կառավարությունը։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները հավասար համամասնությամբ էին՝ 25 տոկոս։ Նախագծի նպատակը բուհերը կառավարելի դարձնելն է:
Իսկ մինչ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել՝ ԵՊՀ-ի, Շիրակի և Մանկավարժական համալսարանների։ Կարո՞ղ է ՍԴ որոշումը, եթե կարգը հակասահմանադրական ճանաչվի, հետադարձ ուժ ունենալ՝ կչեղարկվե՞ն այսօր ձևավորվող խորհուրդները, եթե հասցնեն ռեկտոր ընտրել, նա պաշտոնանկ կարվի՞։ Մեզ ասացին, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե դիմումն ինչ պահանջով կներկայացվի, և ՍԴ-ն ինչ ձևակերպում կտա։
ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչև վերջնական որոշումն ընդունելը։ Եթե միջանկյալ որոշում չընդունվի, ՍԴ որոշման հետադարձ ուժը կախված է վերջնական որոշման ձևակերպումներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: