«Պատիվ ունեմ»-ի երիտասարդները ԱՄՆ դեսպանատանը նամակ հանձնեցին
«Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների կազմած «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևն այսօր՝ Շուշիի ազատագրման օրը նամակներ է հանձնելու միջազգային դերակատար հանդիսացող երկրների՝ Հայաստանում գտնվող դեսապանատներին։
Առաջինը կանգառը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էր։
Դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, մինչ նամակը հանձնելը, ընթերցեց այն.
«Դուք՝ որպես աշխարհում միջազգային հանրության ձայնը և խիղճը ներկայացնող հեղինակավոր կառույցներ, աշխարհի բոլոր ազգերի նկատմամբ ունեք պատերազմական հանցագործությունները, ցեղասպան գործողությունները կանխելու բացառիկ առաքելություն։
76 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը միասնական ջանքերով ջախջախեց ֆաշիզմը։ Եվ թվում էր, թե թույլ չի տա որևէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունների ու վայրագությունների կրկնություն։ Թերևս այդ նպատակով ստեղծվեցին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն և այլն։
Սակայն 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրած ժողովուրդը 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ, նույնիսկ առցանց ռեժիմով, մարդասպան ԱԹՍ-ների կիրառմամբ հերթական անգամ դարձավ իր ագրեսիվ հարևանների ցեղասպանական նկրտումների զոհը, իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ չկարողացավ կանխել մարդկային ողբերգությունը, ձախողեց պատշաճ արձագանքել հայ ժողովրդի նկատմամբ Ցեղասպանության փորձին»։
Նա նշեց, որ միջազգային հանրության՝ շատ դեպքերում անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ պատերազմի սանձազերծմանը։
Սոս Հակոբյանը նամակի միջոցով հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում հրետակոծվում էին Արցախի խաղաղ բնակչությունը, հիվանդանոցները, մշակութային հուշարձանները, կրոնական հաստատությունները, մարդկանց դեմ կիրառվում էին արգելված զինատեսակներ, ինչի հետևանքով փոքրիկ Արցախում հազարավոր զոհեր, վիրավորներ, տեղահանվածներ եղան, գերի ընկած մարդիկ խոշտանգվեցին, կտտանքների ենթարկվեցին։
Պատերազմում ահաբեկիչներ ներգրաված Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նշեց նա, գործնականում որևէ գործողություններ չկիրառվեցին։
«Արդեն պատերազմից հետո մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ արձանագրեցին պատերազմական հանցագործությունները։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է պահպանել հայ գերիներին, նրանցից շատերը խոշտանգվում են։ Վերջերս հայտնի դարձավ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց սպանությունների վերաբերյալ»,- շարունակեց ընթերցել նա՝ ավելացնելով, որ այդ լռության ներքո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած մշակութային կոթողները, շիրիմները պղծվում են, ավերվում, փորձում են յուրացնել հայկական սրբատեղիները։
Նա ընդգծեց, որ համամարդկային աղետները սկսել են փոքր ազգերի նկատմամբ անարդարությունից և դրա միջազգային հանրության կողմից անտեսումից։
«Էրդողանն ու Ալիևն ունեն բոլոր հնարավորությունները դառնալու 21-րդ դարի Հիտլերն ու Մուսոլինին։ Եթե նրանց չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել երկրորդ համաշխարհային պատերազմից»,- նշեց նա։
Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ «Փաստինֆո»-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները