«Amnesty International»-ը որոշել է Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալ» կարգավիճակը
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը սխալ է համարում 2000-ականների կեսերին միգրանտների վերաբերյալ իր խտրական հայտարարությունների պատճառով Ալեքսեյ Նավալնիին նախկինում տված «խղճի բանտարկյալ» կարգավիճակի հետ կանչելու որոշումը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ ուրբաթ օրը կազմակերպության հրապարակված հայտարարության համաձայն, կրկին որոշում է կայացվել այդ ձևակերպումը կիրառել նրա նկատմամբ:
«Ամեն ինչ ուշադիր գնահատելով՝ «Amnesty International»-ը որոշեց Ալեքսեյ Նավալնիին վերադարձնել «խղճի բանտարկյալի» կարգավիճակը»,- նշվում է հայտարարությունում։
«Amnesty International»-ը ներկայումս վերանայում է այդ տերմինի օգտագործումը: Ընդգծվում է, որ պարտադիր չէ, որպեսզի կազմակերպությունը կիսի այն մարդկանց տեսակետները, որոնց նկատմամբ այն կիրառում է: «Խղճի բանտարկյալ» կարգավիճակը «Amnesty International»-ի ներքին տերմին է:
Միևնույն ժամանակ, իրավապաշտպանները կոչ են արել Նավալնիին ապահովել անկախ բժշկական օգնությամբ, ինչպես նաև կրկնել են ազատ արձակելու հորդորը: