Լուկաշենկոն և Էրդողանը քննարկել են միջազգային օրակարգը և երկկողմ համագործակցությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է միջազգային օրակարգը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վիճակն ու զարգացումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նրանք քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը և զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Անկարայում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին համագործակցության առաջնահերթությունների մասին, մասնավորապես՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 1,5 միլիարդ դոլարի և ապահովել դրա հավասարակշռությունը:
«Նախագահներն այսօր հաստատեցին այս ծրագրերը և պայմանավորվեցին աջակցել դրանց իրականացմանը»,- հայտնել է մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են համապարփակ կերպով մոտենալ երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին, դրանք մանրամասն մշակել դեսպանների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, այդ թեմաները կքննարկվեն հոկտեմբերին կայանալիք համատեղ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստում: Բացի այդ, նշվում է, որ երկրորդ ներդրումային ֆորումի կազմակերպումը նախապատրաստման փուլում է:
Նախագահները քննարկել են նաև Բելառուսում և Թուրքիայում համաճարակի դեմ պայքարը, իսկ Լուկաշենկոն խոսել է հայրենական արտադրության պատվաստանյութերի թողարկման մասին:
Նրանք անդրադարձել են նաև հեռահաղորդակցության ոլորտում երկրների փոխգործակցությունը՝ Turkcell հոլդինգի հետ համագործակցության հնարավոր զարգացման համատեքստում:
Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին և բելառուս ժողովրդին գալիք տոնի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ: Բելառուսի նախագահը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը և այդ երկրի մահմեդականներին Ռամադան ամսվա կապակցությամբ:
Մինչ այդ Թուրքիայի առաջնորդի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը և Լուկաշենկոն քննարկել են տարածաշրջանային խնդիրները և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը: