ԱՄՆ-ը օդային դեսանտ է իջեցրել Էստոնիա
«Swift Response» զորավարժությունների շրջանակներում ուրբաթ օրը գիշերը ԱՄՆ զինված ուժերը օդային դեսանտ են իջեցրել Էստոնիայի «Նուրմսե» օդանավակայանում:
Էստոնիայի Պաշտպանության ուժերի շտաբի մամուլի խոսնակ Լայիս Վաքսմանը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ «դեսանտը բաղկացած է ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 700 զինծառայողներից, ռազմական տեխնիկա և սարքավորումներ նույնպես իջեցվել են:
Դեսանտի իջեցումն իրականացվում էր ինքնաթիռներով, որոնք Էստոնիա էին ժամանել անմիջապես ԱՄՆ-ից՝ Հյուսիսային Կարոլինայից: Դեսանտի իջեցումն իրականացվել է իրական մարտական իրավիճակին հնարավորինս մոտ :
Մայիսի 8-ի կեսօրին ամերիկացի զինվորներն ուղղաթիռով «Նուրմսե»-ից կտեղափոխվեն Կենտրոնական զորավարժարան:
Շաբաթ օրը զորավարժության վայր կժամանեն ԱՄՆ-ի բանակի Եվրոպայի և Աֆրիկայի տարածաշրջանի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Մ. Կավոլին, 8-րդ օդադեսանտային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մայքլ Է. Կուրիլան և 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Քրիստոֆեր Դոնահյուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը, «Swift Response» զորավարժությունը իրականացվում է ճգնաժամի դեպքում Էստոնիայի պաշտպանության համակարգի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար: Զորավարժություններին մասնակցում են Էստոնիայի, ԱՄՆ-ի և Բրիտանիայի պաշտպանության ուժերի 2500 անդամներ, ավելի քան 20 ինքնաթիռներ և 25 ուղղաթիռներ:
Էստոնիայի ստորաբաժանումներից զորավարժություններին մասնակցում է 1-ին հետևակային բրիգադը՝ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի դաշնակիցների մարտական խմբի և Հատուկ գործողությունների հրամանատարության հետ միասին:
«Swift Response» զորավարժությունները 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ամենամեծ «Defender Europe 21» զորավարժությունների մի մասն են: Դրանք միաժամանակ կանցկացվեն եվրոպական 16 երկրներում՝ 28,000 զինծառայողների մասնակցությամբ: Էստոնիայից բացի օդային գործողությունները տեղի կունենան Բուլղարիայում և Ռումինիայում:
Նրանց նպատակն է մշակել ԱՄՆ ուժերի օպերատիվ տեղափոխումը թեժ կետեր, ինչպես նաև այդ երկրների ուժերի և ենթակառուցվածքների պատրաստակամությունը դաշնակիցներ ընդունելու համար:
«Swift Response» զորավարժությունները կավարտվեն մայիսի 14-ին: