Փաշինյանի իշխանությունը, հանրային կառավարման համատեքստում, տիպիկ «Քաքիստոկրատիա» է. Խոսրով Հարությունյան
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հանրային կառավարման համատեքստում, տիպիկ «Քաքիստոկրատի» է, որը բխում է հունական «քաքիս»՝ «կեղտ» բառից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և տեղեկացրեց, որ հին հույն փիլիսոփաները իշխանության այդպիսի կոնցեպտ դիտարկել են:
Նրա խոսքով՝ նման իշխանության բնութագրիչը՝ ոչ մի բանի համար պիտանի չլինելն է:
Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրելով հին հունական փիլիսոփայության մեջ կառավարման համակարգերի բնութագրերը, հանդիպել է այդ սահմանմանը, որը լիովին բնորոշում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Նման համակարգի շուրջ տեղ է ունենում մերիտոցիտ, որի էությունը այն է, որ նրանք սկսում են ոչնչացնել ազգի էլիտար հատվածը:
Նկատելով, որ այդ գործընթացով է բացատրվում այսօր մշակույթի նախարարության փակումը՝ բանախոսը նշեց, որ դրան ի հավելում, արժեհամակարգը չպահպանելով, վերանայվում է նաև պատմությունը, լեզուն, եկեղեցին:
«Ինչո՞ւ է դա արվում, որպեսզի գլխատեն ազգային էլիտան, որը կրում է ազգային արժեքներ և ունակ է ապահովել որևէ հանրային օրգանիզմի իմունային կարողությունները»,- բացատրեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բանակի ղեկավարությունը ցանկացած երկրում էլիտայի մասն է և նույնքան դերակատարություն ունի, ինչքան հայտնի գրողը կամ մշակույթի գործիչը, բայց այսօր բանակն էլ է գլխատվում:
«Մշակույթը որևէ հասարակության իմունային համակարգի ատաղձն է, հիմքն է և, եթե ուզում եք վերացնել այդ համակարգը՝ վերացրեք նրա արժեհամակարգը»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ իրականում այսօր գործ ունենք «Քաքիստոկրատիայի» հետ, որն իրեն բբնորոշ գործիքակազմով մերիտոցիտի ճանապարհով վերացնում է մեր ազգի՝ որևէ արտաքին սպառնալիքին դիմագրավելու կարողությունը:
Խոսրով Հարությունյանը նաև շեշտեց, որ պատերազմի հետևանք հանդիսացող զոհերի, վիրավորների, գերիների և անհայտ կորածների նման թվերը պետք է հասարակությանը ալեկոծեին, և այնպիսի տպավորություն է, թե համակերպվել են դրա հետ, բայց իրականում այդ ամենը կուտակվում է և մի օր այն դուրս է հորդելու:
Նրա համոզմամբ, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանար ընտրություններով, նրան պետք է հեռացնեին և դատարանի առաջ պատասխանատվության ենթարկեին:
Խոսրով Հարությունյանը նաև հայտարարեց, որ դեռ կասկածում է արտահերթ ընտրությունների անցկացման մեջ, քանի որ հրաժարականից հետո իշխանությունն ուզուրպացրածից ամեն ինչ էլ սպասելի է: