«Պատիվ ունեցեք». Ակցիա կառավարության շենքի դիմաց
Եռագույնի վրա «Պատվի ունեցեք» գրություններ բռնած երիտասարդները կառավարության շենքի դիմաց բերեցին ու տեղադրեցին եկեղեցու գմբեթ՝ խաչը վրան։
«Սա մեր սուրբ Ղազանչեցոց վանքի գմբեթն է, որն այս կապիտուլյանտի, նրա ուսապարկերի հավաքածուի պատճառով այլևս այս տեսքը չունի։ Գալու է այն օրը, որ պարտադիր Սուրբ Ղազանչեցոցի գմբեթը կունենա այս տեսքն ու խաչ վրան»,- ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ իրենց պայքարը ոչ թե իշխանության, այլ գմբեթն այս տեսքով տեսնելու համար է։
ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների կողմից կազմած «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչներն այսօր՝ Շուշիի ազատագրման օրը մի շարք ակցիաներ անցկացրեցին մայրաքաղաքում։ Նախ այցելեցին արդեն Հայաստանի ազգային հերոս Կոմոնդոսի շիրմին ու ծաղիկներ խոնարհեցին։
«Ցավով պետք է նշեմ, որ մենք այնտեղ պետական որևէ պաշտոնյայի կողմից ուղարկված ծաղկեպսակ չտեսանք։ Սա զարմանալի չէ կապիտուլյանտ իշխանության համար»,- ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Դրանից հետո երիտասարդներն ակցիաներ են իրականացրել օտարերկրյա դեսպանատների դիմաց, նամակներ հանձնել՝ հիշեցնելով Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան գործողությունների, ռազմական հանցագործությունների, գերի ու պատանդ պահվող քաղաքացիների մասին։
««Պատիվ ունեցեք»-ն ուղղված է այս իշխանություններին առաջին հերթին, որի պատճառով այսօր մեր գլուխները խոնարհած են։ Իրականում մեր երկխոսությունը սրանց հետ չէ, հույս չունենք, որ նրանց մեջ կարթնանա պատիվն ու արժանապատվությունը, մեր երկխոսությունը հայ հանրության, միջազգային հանրության հետ է։ Մենք որպես «Պատվ ունեմ» դաշինիքի երիտասարդական թև՝ մեր օրակարգն ենք առաջ մղում հայկական օրակարգ ունենալու մասին, որին հետամուտ ենք այսօր, հետամուտ ենք լինելու վաղը»,- ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։