Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
«Այս իշխանությունը հանդիսանում է մեր պարտության խորհրդանիշը, մեր պարտության դեմքը, մեր պարտության ձայնը։ Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չեն կարող կառուցել այդ ապագան»,-անդրադառանալով հարցին, թե ինչու պետք է հեռանա այս իշխանությունը՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով իր, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով, հնարավոր չէ առաջ գնալ՝ նման կնիք ժողովրդի ճակատին ունենալով։
«Ուղղակի դա անհնար է։ Այդ իշխանությունը մեղավոր է հինգ հազար զոհերի, տասնմեկ հազար վիրավորների, երեսունհինգ հազար անօթևան մնացած մեր հայրենակիցների համար։ Այդ իշխանությունը բերում է մահ, բերում է տառապանք և ավերում է այն ամենը, ինչին դիպչում է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մատնանշելով այս իշխանությունների հեռանալու հաջորդ պատճառը՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, դավաճանության ու Արցախի վաճառքի հիմնավոր կասկածը մեր ժողովրդի մոտ կմնան այնքան ժամանակ, ինչքան իշխանության մնան այս մարդիկ։
«Միայն իշխանափոխությունից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարևոր հարցերի»,-ասաց նա։
Այս իշխանությունների հեռանալու կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք հետևողականորեն քանդում են երկրի տնտեսությունը։
«Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովում են թռիչքաձև անկում։ Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացել է արտաքին պարտքը, ներդրումները գրեթե զրոյացել են։ Ըստ էության, այս իշխանության օրոք՝ երեք տարում աճել են միայն աղքատությունը և գերեզմաների քանակը։ Սա կարելի է գրանցել որպես արդյունք այս իշխանության երեք տարիների համար։ Նրանք չեն կատարել նախընտրական ոչ մի խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել»,-հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահը։
Անդրադառալով հարցին, թե ի՞նչ են իրենք մտադիր անել, երբ գան իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ առաջին հերթին պետք է գնահատվի երկրին հասցված վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, իրավական համակարգ։
«Սա անհրաժեշտ է հետագա քայլերի համար։ Անմիջապես պետք է անցնենք հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան, պետք է կանգնեցնենք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը, մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը նաև միջազգային ասպարեզում։ Սկզբունքորեն կարևոր է, որ ժողովուրդն անմիջապես զգա փոփոխությունները երկրում, և ժողովուրդը զգալու է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ դատարկ խոստումներ չեն տալու, իրենց հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը և սերը երկրի նկատմամբ։
«Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտ, նորից երկիրը վերածելու ենք շինհրապարակի։ Առաջնային խնդիր է դառնալու է տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծումն ամեն տարի։ Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ կարող ենք այդ ամենը կրկնել։ Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհմարհանքը, ասֆալտին փռելու տհաճ տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Մենք ունենալու ենք նոր՝ գիտահեն տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն։ Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի մակարդակի շեշտակի բաձրարցումը։ Պետական ապարատի մաքրության ու արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռոիպցիայի դեմ լավագույն գործիքը։ Սուտը բացառվելու է պետական համակարգում, մենք դարձել ենք ստի աշխարհ, և պետք է սկսկենք այդ սուտը վերացնելուց։ Այդպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը։ Խոստանում ենք միայն այն, ինչ կարող ենք անել»,-ամփոփեց իր ելույթը ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նշեց՝ միշտ հավատացել է մեր ժողովրդի աշխատասիրությանը, ձեռներեցությանը, կառուցելու են երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ։
«Մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, չի նպաստելու մեր տնտեսական զարգացմանն ու բարգավաճամնը։ Այո, ունենք բարեկամներ, դաշնակիցներ, բայց ոչ ոք մեր տեղը չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք։ Կրկնում եմ, մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, և մենք ենք կառուցել այն ամենը, ինչի մասին ես նշեցի իմ ելույթում։ Սիրելի ժողովուրդ, մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն ու բարգավաճում։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,-իր ելույն ավարտեց Ռոբերտ Քոչարյանը, ինչին հետևեցին ծափահարություններ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
- Ռոբերտ Քոչարյան. Կհանդիպենք վաղը
- Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ
- «Վերածնվող Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան