Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք բոլոր հայերի ազգային արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյան
«Մեր ժողովրդի Հաղթանակի օրն է՝ Շուշիի ազատագրման օրն է, սակայն այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզանից»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսում։
Նա նշեց, որ հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ. «խոցված է մեր արժանապատվության մեջ, մեզ փորձում են կոտրել ու ոչնչաչնել»։
«Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է, համակողմանի ճգնաժամի մեջ ենք՝ ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական։ Մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի ու ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության։ Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն։
Ուստի մենք վերահաստատում ենք ուղիղ վեց ամիս առաջ սկսված մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը։ Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի։ Մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայաստանի»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն, մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է։
«Սա ընտրություն է ազգայինի ու ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անեկղծության և ստախոսության, անվտանգ ապրելու, զարգանալու և անհեռանկար ապագայի միջև։
Ի վերջո՝ սա պետություն ունենալ-չունենալու ընտրությունն է։
Այս գիտայցումն է, որ ՀՅԴ-ին բերեց ուժերը համախմբելու, միասնական ճակատով հանդես գալու որոշմանը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա կրկին նշեց, որ ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ համատեղ դաշինքով։
«Մենք մեր ժողորդին ներկայանում ենք հաղթանակներ կերտած, ճգնաժամեր հաղթահարած, պետության կառուցման գործում հաջողած փորձով ու գիտելիքով, արժանապատվությամբ և վճռականությամբ, հավատով ու գաղափարականությամբ օժտված հավաքականությամբ։
Մենք հրաշքներ չենք խոստանում, բայց երաշխավորում ենք քրտնաջան աշխատանքով արագորեն երկիրը դուրս բերել այս վիճակից և կառուցել ուժեղ Հայաստան։ Մենք մի անգամ դա արդեն արել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, պատրաստ ենք անել նաև հիմա՝ հանուն Հայաստանի, հանուն հայության, հանուն ներկայի և ապագայի։
Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք Հայաստանի քաղաքացիների, բոլոր հայերի ազգային արժանապատվությունը։
Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն, ներազգային համերաշխություն, ապահովելու տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն, գալիս ենք իրականացնելու մարդու առողջապահական, կրթական, հոգևոր, մշակութային կարիքների բավարարմանն ուղղված արդյունավետ կառավարում։ Գալիս ենք ապահովելու արդարություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն, համախմբելու Հայաստանի, Արցախի ողջ հայ ժողովրդի ներուժը, մենք գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան, միավորելու բոլորին՝ աշխատավորին, գյուղացուն, մտավորականին, բժշկին, երիտասարդին, տարեցին և միասին հաղթանակ կերտելու դեպի ուժեղ և անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ, հզոր և ազգային Հայաստան։
«Հայաստան» դաշինքը շուտով դա իրականության կդարձնի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
- Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ