Ես առանց լապտերի փորձում եմ գտնել երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետություն. ունե՞նք. Գոռ Գևորգյան
ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն այսօր ԱԺ ամբիոնից իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին խորհուրդ տվեց, որ այլևս իր խոսքերը չմեկնաբանի։
«Պարո՛ն Սիսակ Գաբրիելյան, դուք խախտել եք խմբակցության փակ նիստի խորհրդապահական պայմանը և ավելին՝ կոնտեքստից կտրել և խեղել եք խոսքերս՝ վերագրելով ինձ նաև ձեռքի ակրոբատական հնարքներ։ Ձեր արածն արժանի է կշտամբանքի, բայց ես մեծահոգի կլինեմ, և Ձեզ կհորդորեմ՝ այսուհետև չմեկնաբանել իմ խոսքերը»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Սիսակ Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին խնդրել էր մեծահոգաբար վերաբերվել իր թիմում նախկինում տեղ զբաղեցրածներին՝ նկատի ունենալով Գոռ Գևորգյանին։
Պատգամավորն ասել էր, թե իբր Գոռ Գևորգյանը հենց ինքը «բավականին լավ դերասանական խաղով, իր պրանոցին ձեռքը հպելով, ցույց է տվել, որ իր ստացած բոլոր ձայները պատկանում են Նիկոլ Փաշինյանին»։
Գոռ Գևորգյանը նաև նշեց, որ խմբակցությունից դուրս գալուց հետո իր անձի շուրջ բազմաթիվ խմորումներ են ընթացել, որոնք զրպարտության, հերյուրանքի շրջանակից այլ տեղ չեն անցնում։
«Ես առաջարկում եմ, որ այս թեման փակվի, քանի որ այն, ինչ մտածել ու արել եմ, դրա մասին խմբակցության փակ նիստերից մեկում Փաշինյանի ներկայությամբ, հետո նաև՝ առանձին, ասել եմ»,- ասաց նա։
Դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ անկախ պատգամավորը նշեց, որ նա պետք է գոնե ասի, թե ինքը ոնց է վերաբերվել ավանդական թիմը պահելու հարցերին։
«Այստեղ, ի ուրախություն ինձ, կա մարդ, ում հետ ծանոթ եմ իմ զինվորական ծառայության տարիներից, և նա գիտի՝ ինչպես եմ այս ամենին վերաբերվել։ Խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ ևս մեկ բան, և ես սրանով այդ հարցը կփակեմ՝ տեղի է ունեցել աղետալի պատերազմ, ինձ համար աղետալի իրողություններ են եղել, որոնց վերաբերյալ ես հայտել եմ իմ դիրքորոշումը։ Հույն փիլիսոփա Դիագենեսն ուներ մի սովորություն, նա օրը ցերեկով լապտերով էր շրջում։ Ասում էին՝ այ մարդ, ինչո՞ւ ես օրը ցերեկով լապտերով շրջում, ինքն էլ պատասխանում էր՝ մարդ եմ փնտրում։ Հիմա ես դա այլ կերպ կմեկնաբանեմ. ես առանց լապտերի փորձում եմ գտնել երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետություն։ Ունե՞նք, թե՞՝ ոչ, թողնում եմ ձեզ»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին