Ես սովորաբար չեմ մերժում, բավարարում եմ. Էդմոն Մարուքյան
«Ոչինչ չի փոխվել, իմ ասածն ուժի մեջ է. ես ասել եմ՝ եթե նախկին իշխանություններն ուզում են, որ երիկրում իշխանափոխություն լինի, ապա պետք է դուրս գան ընտրական պրոցեսից»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ պատգամավորի, բոլոր ուժերը, որոնք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, ասելու են, որ հաղթելու հայտ են ներկայացնում, դա սովորական բան է։
«Ոչ մի ուժ չի գնում քարոզարշավի և ասում, որ ինքը գնում է 6-րդ տեղի համար, նման ուժ տեսե՞լ եք։ Եվ այս իմաստով ուզում եմ ասել՝ շատ կարևոր է տեքստը, ինչ է առաջարկվում ժողովրդին։ Պետք է հասկանալ, որ 2018-ին ժողովուրդը մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանին չի մերժել, այլ դուրս է եկել մի ողջ համակարգի դեմ։ Այսինքն՝ անցում նախորդին, չի կարող լինել, պետք է այլընտրանք։
Մենք ի՞նչ ենք առաջարկում. մենք հստակ տեքստ ունենք, ասում ենք 30 տարվա երկիր է սա, որից 27 տարին կառավարել են նախկինները, 3 տարին էլ՝ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այս 3 տարիներին Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ ինքը չի կարողանում կառավարել, կադրային քաղաքականություն չի կարողանում վարել, ուստի պետք է այլընտրանք լինի»,- նշեց նա։
Իր խոսքում Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԶԼՄ-ներին՝ ասելով, որ դրանցից որոշներն իրեն չեն հրավիրում հարցազույցի, որից հետո լրագրողները հակադարձեցին՝ ասելով, որ պատգամավորն էլ մերժելու սովորություն ունի, և իրենց հրավերները մերժում է։
«Ես սովորաբար չեմ մերժում, բավարարում եմ»,- արձագանքեց ԼՀԿ ղեկավարը։