Վրաստանում դատարանն ազատ է արձակել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային՝ Եվրամիության կողմից գրավի վճարումից հետո
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խափանման միջոց բանտարկությունը գրավով փոխելու վերաբերյալ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Որոշումը կայացրել է դատավոր Նինո Չախնաշվիլին և նշել, որ այն պետք է անհապաղ կատարվի։ Նիկա Մելիան ներկա չէր այսօրվա նիստին։
Նշվում է, որ ընթացիկ տարվա ապրիլի 19-ին, Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությամբ, նախնական կալանքից ազատելու համար, Նիկա Մելիայի համար սահմանված 40 000 լարի (մոտ 11,6 հազար դոլար) գրավի գումարը, մայիսի 8-ին հատկացրել է Եվրամիության հովանու ներքո գործող «Եվրոպական հիմնադրամը ժողովրդավարության համար» :
Հիշեցնենք, Նիկա Մելիային Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և լրացուցիչ սահմանափակող միջոցներ, ներառյալ էլեկտրոնային մոնիտորինգը: Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Նիկա Մելիան հանեց էլեկտրոնային մոնիտորինգի ապարանջանը հանրահավաքի ժամանակ: Դատախազությունն այնուհետև պահանջեց խստացնել խափանման միջոցը: Ըստ դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը դարձել է 40 000 լարի: Մելիային 50 օր ժամանակ էր տրվել վճարելու համար, բայց «Ազգային շարժման» նախագահը գրավը չի վճարել, որի պատճառով դատախազության միջնորդության հիման վրա, ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Նիկա Մելիային դատարանը սահմանել էր կալանք:
Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նախատեսում է խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում և մասնակցություն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն