«а тепер я Наташа». Դումանյանը նախկի՞ն, թե՞ ներկա համալսարանական է
ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի երկար ելույթից հետո ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը հարցով դիմեց նրան՝ նշելով, որ ելույթում նկատելի էր մանիպուլյացա, արդարացում, որևէ գործընթացի նկատմամբ գնահատական և հիմնավորում չեղավ։
«Ինձ հետաքրքրում է՝ պնդում եք, որ հոգաբարձուների խորհրդի անդամները նեղված հրաժարվեցին կատարել իրենց պարտականությունները, այն պարտականությունները, որոնք պարտավոր են կատարել բուհի հիմնադրամի նկատմամբ, և դուք որոշեցիք ընդառաջ գնալ։ Դա նույնն է, որ, օրինակ, դուք մի օր նեղվեք և ձեր պարտականությունները չկատարեք։
Խնդիրը հետևյալում է՝ մենք պետք է խոսենք փաստերով, այս պրոցեսի իրական հանգամանքները բացահայտենք։ Կա փաստ՝ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի անդամները հրաժարական են տվել, բացի մեկ հոգուց՝ Ավետ Քերոբյանից։ Համալսարանական թևը երբեք նախագահի ընտրության հարցում խտրական չի եղել։ Օրինակ, մեծ հաճույքով կուզեի Քերոբյանին տեսնեի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում։
Ասում եք առաջացել է ճգնաժամ։ Չառաջացնեիք պարոն Դումանյան ճգնաժամը։ Ուզում եք ձևավորել նոր խորհուրդ։ Նախ առաջինը՝ թող միասին, հետաքրքրիր պայմաններում հրաժարական չտային, իսկ եթե ուզում էիք ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ գործող կարգի ձևավորել։ Իսկ ճգնաժամն այս քայլով ավելի խորանում է։
Ինչո՞ւ է խորանում, որովհետև երբ Սահմանադրական դատարանում վիճարկվում է նորմը, երբ որ բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՍԴ-ում կվիճարկվի նաև կառավարության որոշումը, արհեստականորեն ստեղծում եք տուրբուլենտ վիճակ։
Արդյո՞ք պատրաստվում եք գալ ռացիոնալ դաշտ և քայլեր ձեռնարկել, իրոք, իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ, թե՞ շարունակելու եք նույն քայլերով խորացնել ճգնաժամը»,- հարցերով նախարարին դիմեց Վ. Հովհաննիսյանը։
Վահրամ Դումանյանը նախ ասաց, որ որևէ արդարացման միտում կամ ցանկություն ոչ եղել է, ոչ կա։
«Ես գտնվում եմ ռացիոնալ դաշտում, ձեզ եմ հրավիրում ռացիոնալ դաշտ։ Ռացիոնալ դաշտն այնքան ակնհայտ է, որ դուք չեք էլ պատկերացնում։ Ռացիոնալը հետևյալն է՝ ՍԴ-ում վիճարկվում է, հարգանքով պետք է ընդունենք, բայց քանի դեռ չկա ՍԴ որոշումը, պնդել, որ պետք է լինի ՍԴ որոշում...։ Կամ կհամարվի սահմանադրական, կամ հակասահմանադրական։ Հարց չկա, երկու լուծումն էլ ընդունելու ենք, բնականաբար։
Այդ ընթացքում գործում են այլ օրենքներ։ Առաջարկել եմ եղած օրենքով խնդիրը լուծենք»,- նշեց նա։
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը հարց հնչեցրեց կառավարության և ԿԳՄՍՆ կողմից հոգաբարձուների խորհրդի անդամների հրաժարականի վերաբերյալ, մասնավորապես. «Ձեր կողմից նրանց դիմում գրելու և հոգաբարձուների խորհրդի անդամության լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ, հորդոր, դիմում եղե՞լ է, թե՞ ոչ, ինչո՞ւ այդ 11 անդամների դիմումները նույնաբովանդակ էին, ինչո՞ւ Փաշինյանին հասեցագրված դիմումները հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ծանուցվել են ձեր խորհրդականի կողմից»։
Դումանյանն արձագանքեց. «Հասկանում եմ ձեր հետաքրքրասիրությունը, գաղափարը ո՞ր պահին ծնվեց, ո՞ւմ մոտ ծնվեց։ Համարեք, որ, այո, գաղափարն իմն է եղել, որ ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել։
«Դա քաղաքական միջամտություն է, պարոն Դումանյան»,- ասաց Սողոմոնյանը։
«Դատավորի դեր մի վերցրեք։ Ասում եմ՝ համարեք։ Ես միշտ ունեմ կարծիքի իրավունք։ Որևէ մեկի վրա ճնշում չի եղել։ Շատ զարմանալի է, որ նույն օրը նույն ժամին 11 հոգի գրում է դիմում։ Բարդ է հասկանա՞լ, որ քննարկում է եղել։ Այո, քննարկում է եղել, ինչ կա զարմանալի։ Ցանկացած որոշում քննարկվում է ցանկացած կազմակերպությունում»,- ասաց Դումանյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հարցերն էլ վերաբերում են բուհական ինքնավարությանն ու ռեկտորի նշանակմանը։
«Ձեր ոճին հարիր երկարաշունչ ելույթում չանդրադարձաք կարևոր հարցի՝ նախկինում, երբ համալսարանական էիք, ձեր պատկերացումները բուհական ինքնավարության մասին արդյո՞ք համընկնում էին հոգաբարձուների խորհրդի կոնֆիգուրացիայի, որը դուք պաշտպանում եք՝ 9/0, կամ հիմա՝ 22/8 և հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուն, որ նոր ասացիք՝ տվյալ բուհի ոչ ուսանողները, ոչ դասախոսները չպետք է լինեն հոգաբարձուների խորհրդի անդամ, վախով սպասում էի, որ երևի հարևան երկրներից ենք հրավիրելու հոգաբարձուների խորհրդի անդամներին։
Ժամանակը չէ՞, պարոն Դումանյան, որ ձևականությունները դադարեցնեք ու հայտարարեք, որ ուզում եք համալսարանում ուղղահայաց կառավարում, նշանակովի ռեկտոր»,- ասաց նա։
Վահրամ Դումանյանը պատասխանեց. «Ես ինձ նախկին համալսարանական չեմ համարում, ես եղել եմ, կամ ու կմնամ»։
Մելքոնյանն արձագանքեց. «Ինստիտուցիոնալ պատկանելիության մասին է խոսքը, կառավարության անդամ եք հիմա»։
«Դարձավ այն կինոն հա՝ «а тепер я Наташа»: Ինձ թվում է՝ ձեզանից ավելի փորձառություն և ստաժ ունեմ»,- արձագանքեց նախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է e-draft-ում տեղադրված նախագծին, որը պետք է քննարկվեր մինչև մայիսի 14-ը, բայց արդեն ընդունվել է, Դումանյանն ասաց, որ խախտվել է ժամկետը, սակայն ճշտել են, որ կարող է նման բան լինել և եղել է բացառիկ դեպքերում հրատապությունից ելնելով։
Հարակից հրապարակումներ`
- «Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
- Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արդեն քվորում կա. Առաջարկվեց խորհրդի նախագահ ընտրել
- Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- «Կամ ԵՊՀ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ ռեկտոր չի ունենա». Եզրակացություն՝ կառավարության քայլերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան