Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
Տարիներ շարունակ իրականացված գիտական քաղաքականության հետևանքով ստեղծված վիճակը ստիպեց ՏՏ ոլորտում գործող ավելի քան 700 ընկերությունների փրկության sos հնչեցնել։
Այս տարվա սկզբին ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության համահիմնադիրներից «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, ֆիզիկոս Տիգրան Շահվերդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում ընկերության մասնաճյուղ բացելու գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելու համար ֆիզիկայից ու մաթեմատիկայից խոր գիտելիքներ ունեցող մասնագետներ գտնել չկարողացավ։
«Նման մարդկանց մեծ պակաս կա, մեր համայնքը շատ լավ գիտակցում է դա։ ՏՏ համայնքի մասնագետները, որոնք ցանկանում են իրենց գործունեությունն ընդլայնել, զարգացնել, բարձրաձայնել են այդ խնդրի մասին, նամակ գրել կառավարությանը, որը մնաց անարձագանք»,-նշում է Տիգրան Շահվերդյանը։
Նախաձեռնության անդամները հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց պահանջները՝ 2021-ին 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները, ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել ըստ իրենց մշակած ժամակացույցի։ Հանդիպումների արդյունքում կառավարության ձեռնարկած քայլերը բացարձակապես չեն բավարարում գիտության հզորացման անհրաժեշտության մասին բարձրաձայնողներին։
«Տրամադրած 2 մլրդ դրամի ֆինանսավորումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց առկա խնդիրները չի լուծում, մոտեցումը ոչ ռազմակավարական է։ Հանդիպումների ընթացքում մեզ փորձում են վստահեցնել, որ գիտության հզորացման անհրաժեշտության վերաբերյալ գիտակցումը կա, փորձում են պատճառաբանել, որ գումար չկա, բայց հենց դա նշանակում է, որ գիտակցում չկա։ Եթե դու հասկանում ես, որ սա գիտական անհրաժեշտություն է մեր պետության գոյության համար, ուրեմն դրան պետք է տրվի ամենաառաջնային առաջնահերթություն ու ցուցաբերվի ռազմավարական մոտեցում։ Ես կարծում եմ, որ խնդրի ամբողջական գիտակցում չկա։ Տպավորություն է, որ գիտության հատկացումներին մոտենում են որպես ընթացիկ ծախսեր, մարդիկ չեն գիտակցում, որ դա ներդրում է ապագայի մեջ։ Գիտության, կրթության հարցերին չի կարելի վերաբերվել կլասիկ ֆինանսիստի մտածելակերպով։ Ես համոզված եմ, որ գումարի խնդիր գոյություն չունի, բոլոր երկրներն էլ ունեն սահմանափակ ռեսուրսներ, հարցն այն է, թե դու այդ ռեսուրսների որ չափաբաժինն ես դնում ապագայի մեջ»,-մանրամասնում է նա։
Շահվերդյանն ասածը հիմնավորելու համար մեկ օրինակ է մատնանշում, 750 մլն դոլարի փոխարեն ինչո՞ւ չէր կարելի 10 մլն դոլար ավելի եվրոբոնդերի թողարկել, չէ՞ որ դա լինելու էր ներդրում ու ավելի էր հեշտացնելու արտաքին պարտքի վերադարձը։
«Մի օր գալու են այդ պարտքը ուզեն, չէ՞։ Ինչքա՞ն կարելի է մեզ խորը ցեխի մեջ խրել։ Եթե պարտք ենք վերցնում, եկեք, դրա մի փոքր մասը դնենք գիտության մեջ, որը հետագայում մեզ թույլ է տալու պարտքը վերադարձնել։ «Փող չկա» փաստարկն անհիմն է»,-ընդգծում է նա։
Հայաստանում գիտելիքի ու տնտեսության կապը խզված է։ Վերջին տարիներին գիտական վատ քաղաքականության հետևանքով, ֆինանսական խնդիրների պատճառով հետազոտողների արտագաղթը, թվի նվազումը կտրել են այդ շղթան։
«Մենք ունենք գիտնականների թվի յոթապատիկ անկում՝ 30 հազարից մնացել է 4 հազար գիտնական։ Մեկ մլն բնակչությանը բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը ժամանակին մրցակցում էր Իսրայելի, Հարավային Կորեայի հետ, մինչդեռ հիմա եվրոպական միջին ցուցանիշից էլ ցածր ենք։ Այդ կորուստը եղել է կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումներ կատարող մարդկանց թվից, վերացել են այդ ինստիտւտները, հիմա հիմնականում մնացել են այն ինստիտուտները, որոնք զբաղվում են հիմնարար հետազոտություններով»,-մանրամասնում է Շահվերդյանը։
Նա համոզված է, առկա գիտական պոտենցիալը պահելու, զարգացնելու համար պետք է խթանել գիտության ոլորտ երիտասարդների մուտքը, իսկ դրան ուղղված կարևոր քայլերից մեկն էլ պետք է լինի տարբեր պաշտոնյաների միտումնավոր կամ ոչ միտումնավոր արված հայտարարությունների հետևանքով հայ հասարակությունում ստեղծված հայ գիտնականի կերպարի խմբագրումը։
«Տարածված կարծիք կա, որ հայ գիտնականն արդյունք չի տալիս։ Դա գուցե գալիս է նրանից, որ չենք հասկանում, թե որն է գիտնականի արդյունքը։ Գիտնականի արդյունքը նոր գիտելիքի ստեղծումն է ու դրա ձևակերպումը, որը տեղի է ունենում հոդվածների տեսքով։ Կախված նրանից, թե որտեղ է հրապարակվում այդ գիտական հոդվածը, ինչ վարկանիշ ունեցող ամսագրում, չափվում է գիտական հոդվածի ազդեցիկ լինելը։ Մյուս կողմից էլ կան, այո, նման գիտնականներ, բայց չգիտես ինչու, մենք ավելի շատ կենտրոնանում ենք հենց նրանց կերպարների վրա և մոռանում ենք արդյունավետ գիտնականների մասին»,-նշում է նա՝ հիշեցնելով, որ միջազգային զեկույցներում հայաստանցի գիտնականները գիտաչափական լուրջ արդյունքներ են ցուցաբերում՝ առաջ անցնելով Հայաստանի վերաբերյալ միջազգային բոլոր ռեյտինգային ցուցանիշներից։
Նա համոզված է, Հայաստանում գիտությունը կարելի է փրկել ռազմավարական մոտեցման արդյունքում։
«Գիտական դպրոց զրոյից ստեղծելը շատ ավելի բարդ պրոցես է, քան եղածը պահպանելն ու զարգացնելը։ Շատ կարևոր է, որ հենց այս պահից մենք սկսկենք ռազմավարական ներդրումներ անել, որպեսզի այդ մարդկանց գիտելիքն ու փորձը գոնե մասնակի պահպանենք։ Իսկ դրա համար մենք պետք է գիտական կարիերայի մեծ պահանջարկ ստեղծենք, լուրջ ազդակ տանք օրենքի ամրագրմամբ, որպեսզի երիտասարդները գնան պահանջարկի հետևից։ Պահանջարկը ստեղծելուն զուգահեռ պետք է մշակել լուրջ ռազմավարություն, թե որ գիտական ուղղությունների վրա որոշ կենտրոնացումներ պետք է անենք։ Պահանջարկի ստեղծումը չի կարելի թողնել ռազմավարության մշակումից հետ, քանի որ մեր պոտենցիալը, որ ունենք քվանտային ֆիզիկայի, մեխանիկայի, կենսաբանության, աստղաֆիզիկայի ոլորտներում, կկորցնենք»,-նշում է նա։
Շահվերդյանը վստահ է՝ լուրջ ազդակների դեպքում սփյուռքահայ մասնագետները, հետազոտողները ևս շահագրգռված կլինեն մասնակից լինել այդ գործընթացին, ռազմավարության մշակմանը, իրականացմանը, իսկ նրանց ներուժը կօգնի խնդիրն ավելի արագ ու հեշտ լուծել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
- Արթուր Մովսիսյան. Ունենք լավ գիտնականներ, չունենք գիտելիքահեն տնտեսություն
- Ժիրայր Ավետիսյան. Վերջին պատերազմը Հայաստանի՝ որպես պետության «դեղին քարտն» է, որ մեզ աշխարհը ներկայացրեց
- «Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- Արամ Ջիվանյան. Գիտության ոլորտում կտրուկ փոփոխություններ են հարկավոր, փոքր քայլերը միայն կերկարացնեն հիվանդի հոգեվարքը
- Խաչիկ Նազարյան. Ֆիքսեք, Հայաստանում գիտության վիճակն օրհասական է, գիտնականը՝ անհետացման վտանգի ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան