ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել նույն ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և իրանցի թալիշ գործընկերների հակահեղափոխությամբ Իրանում լույս տեսած «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորի շնորհանդեսը:
ԵՊՀ տարածած հաղորդագրության համաձայն, շնորհանդեսի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Իրանից ժամանած հյուրեր: Շնորհանդեսի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Նա տեղեկացրել է, որ հայ-իրանական համատեղ ջանքերով լույս է տեսել «Թալիշերենի բայերի բառարանի» առաջին հատորը, որն ընդգրկում է հարավթալիշական բարբառները:
Վարդան Ոսկանյանի խոսքով, հատկանշական է այն, որ այս հնագույն իրանական լեզուն սերտ հարաբերություններ և շփումներ է ունեցել հայերենի հետ:
«Ցավոք սրտի, պատմական տվյալները մեզ թույլ չեն տալիս խոսել հայ-թալիշական կապերի մասին, դրա վերաբերյալ մենք պատմական սկզբնաղբյուրներ չունենք, բայց ինչպես ասում են՝ լեզուն ժողովրդի պատմության հայելին է, և հենց թալիշերենն է, որը մեզ թույլ է տալիս խոսել հայերի և թալիշների հազարամյա շփումների մասին՝ հաշվի առնելով այն, որ թալիշերենում առկա են հայերենից փոխառություններ»,- փաստել է Վարդան Ոսկանյանը:
Նրա պնդմամբ, թալիշերենն այն հայելին է, որը ցույց է տալիս պատմական ժամանակաշրջանը, երբ երկու ժողովուրդները շփվել են միմյանց հետ՝ փոխանակելով նաև մշակութային տարրեր և լեզվական տվյալներ, ու այս համատեքստում թալիշագիտությունը կարևոր ուղղություն է:
Այնուհետև Վարդան Ոսկանյանը ելույթում անդրադարձել է ԵՊՀ-ում թալիշագիտության պատմությանը՝ ուրախությամբ նշելով, որ այն դառնում է պատմական ավանդույթ:
«Թալիշ ցեղանվան առաջին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարում հունարենից հայերեն թարգմանված «Պատմություն Աղեքսանդրի Մակեդոնացվո» վեպում։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հետագայում արտագրողներն են այդ բառը մուտքագրել 5-րդ դարի տեքստ, այդուհանդերձ սա շատ կարևոր տվյալ է»-նշել է Ոսկանյանը։
Գիտական թալիշագիտությունը, ըստ ամբիոնի վարիչի, Հայաստանում սկիզբ է առնում 2000-ականների սկզբից՝ արձանագրելով, որ շուրջ 20 տարի է, ինչ ԵՊՀ-ն՝ որպես թալիշագիտության միակ կենտրոն, զբաղվում է թալիշագիտության տարբեր խնդիրներով:
«Այսօր, որպես ավետիս, կարող եմ հայտնել, որ մեր երկարատև ջանքերն ի վերջո արդյունք տվեցին, և այս տարվանից ամբիոնի շրջանակում գործելու են «Քրդագիտություն» և «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրերը»,- ասել է Վարդան Ոսկանյանը:
Թալիշագիտական առաջին միջազգային գիտաժողովը ԵՊՀ իրանագիտության ամբիոնին
հնարավորություն է տվել ազդարարելու, որ Հայաստանը դառնում է թալիշագիտական
կարևոր կենտրոն:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ թալիշերենի ուսումնասիրությունն արդիական է ոչ միայն
տեսական, այլև կիրառական տեսանկյունից: Հաշվի առնելով այն, որ այս ժողովուրդը, ըստ էության, Ադրբեջանական Հանրապետությունում վտանգված ժողովուրդ է, իսկ թալիշերենը՝ վտանգված լեզու, ԵՊՀ-ում թալիշագիտական ուսումնասիրություններն այդ առումով փարոս են թալիշ ժողովրդի համար:
«Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետությունում բնակվող թալիշների՝ Իրանի թալիշներն օգտվում են սեփական լեզուն, մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու, ներկայացնելու բոլոր հնարավորություններից, այս ամենի առհավատչյան է այսօր
հրատարակված գիրքը, որը տպագրվել է Իրանում»,- ասել է Վարդան Ոսկանյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում նմանօրինակ գրքերի հրատարակությունը պարզապես անհնարին կլիներ:
«Այս համատեքստում մենք ունենք մշակութային գերտերություն՝ ի դեմս Իրանի, որը զբաղվում է իր տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի, լեզուների և մշակույթի պահպանությամբ ու լավագույնս ներկայացմամբ,- ասել է Վարդան Ոսկանյանը,- և հենց այստեղ է, որ մենք ունենք լայն համագործակցություն իրանական գիտական կենտրոնների թեմաների շուրջ, որոնք շատ կարևոր են նաև մեզ՝ հայերիս համար»:
Վարդան Ոսկանյանը ներկայացրել է Գիլանի համալսարանի իրանագիտական բաժնի ղեկավար Աբբաս Փանահիին՝ մասնագետի, որը տարիներ շարունակ իր ջանքերն ու եռանդը ներդրել է Իրանի հյուսիսային նահանգի ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մշակույթի և պատմության ուսումնասիրության ոլորտում:
Աբբաս Փանահին շնորհակալություն է հայտնել Իրանագիտության ամբիոնի հետ ունեցած համագործակցության համար, որը, նրա հավաստմամբ, կարևոր իրանագիտական կենտրոններից է մեր տարածաշրջանում:
Ներկայացնելով Գիլանի համալսարանը՝ վերջինս նշեց, որ այնտեղ դասավանդվում են այդ նահանգում բնակվող երեք հիմնական ժողովուրդների՝ թալիշների, գիլանցիների և մազանդարանցիների լեզուները, մշակույթն ու պատմությունը:
Նրա խոսքով, թալիշերենի ուսումնասիրությունը կարևոր տեղ ունի համալսարանի
գիտակրթական գործունեության մեջ՝ ոլորտում իրականացնելով բազմաթիվ ծրագրեր
և գիտաժողովներ:
«Բացի դրանից՝ թալիշերենն առաջին իրանական լեզուներից է, որի համար
դպրոցներում պարտադիր դասավանդման ծրագիր է մշակվել»,- հավելեց Աբբաս
Փանահին:
Անդրադառնալով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հետ համագործակցությանը, որտեղ
ոչ միայն թալիշերենը, այլև իրանագիտության այլ հարցեր խորքային
ուսումնասիրության են ենթարկվում, վերջինս նշեց, որ իրենք շատ հպարտ են, որ
բարեկամ Հայաստանը նմանօրինակ ուշադրություն է դարձնում իրանագիտության
խնդիրներին: