Այս պահին պաստառների հետ կապված ԸՕ որևէ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել. Մուկուչյան
«Այս պահին որևէ գործառույթ Ընտրական հանձնաժողովի համար նախատեսված չէ: Այս պահին մենք պաստառների հետ կապված Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, որ տարբեր վայրերում արդեն փակցված են ընտրությունների հետ կապված ցուցապաստառներ, որքա՞ն է օրինական, ո՞վ է վերահսկում:
Մուկուչյանի խոսքով, ԸՕ-ն նախատեսում է թեկնածուների կողմից ոչ սահմանված վայրերում պաստառներ փակցնել և այլն. «Այս առումով նկատենք, որ այս փուլում դեռևս չկան գրանցված թեկնածուներ: Երբ գրանցվում են, սկսվում է քարոզչության փուլը, գործում են քարոզչության կանոնները, այդ ժամանակ սկսվում է համապատասխան վերահսկողություն նաև քարոզչական պաստառների հետ կապված: ԸՕ-ն ունի հստակ կանոնակարգումներ այդ առումով, հիշյալ ժամանակահատվածում, եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ սահմանված վայրերում ու ոչ սահմանված չափսերի, օրենքի խախտումով, դրանք հեռացվելու են»:
ԿԸՀ նախագահի խոսքով, Ընտրական օրենսգիրքը նախատեսում է բացառապես սանկցիաների կիրառում ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ, ԸՕ նախատեսում է որոշակի կանոններ, որոնք սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած։ Երբ ԸՕ իրավակարգավորումները սկսում են գործել, մեկնարկում է քարոզարշավ:
«Ընտրական օրենսգրքի արդեն ընդունված փոփոխություններում կային առանձին կանոններ և դրանք տարբերվում էին այն կանոններից, որոնք ունենք այսօր Ընտրական օրենսգրքում: Բայց պետք է նկատի ունենալ, որ այդ կանոններն այս ընտրություններին չեն գործելու: Այս ընտրություններին գործելու են ԸՕ-ում ամրագրված նորմերը: Միակ փոփոխությունը, որ գործելու է, վերաբերում է տարածքային ցուցակների վերացմանը, քվեարկության կարգի փոփոխությանը, ընդհանուր քվեակարգին»,- ասաց Տ. Մուկուչյանը:
Նա նշեց, որ քարոզարշավից հետո, եթե կլինեն խախտումներ, արձագանքը լինելու է միանշանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին