Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթներն ուղարկել է միջազգային կառույցներին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների:
«Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ ամսվա ելույթներին:
Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը. ՄԻՊ
- ՄԻՊ-ը վերահաստատել է՝ Հանրային հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները