«Ոչ, սա է Ադրբեջանի ռեպրեսիայի իրական պատկերը». Washington Post-ի խմբագրականը
Washington Post պարբերականը խմբագրական հոդվածով անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին: Ամերիկյան թերթի հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան վերջերս Փարիզում էր, որտեղ մասնակցել է «Ադրբեջան. հանդուրժողականության երկիր» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանը լրագրողը հարց է ուղղել առաջին տիկնոջը, իսկապե՞ս Ադրբեջանն այդպիսի երկիր է՝ նշելով, որ վերջինիս բանտերը լի են քաղբանտարկյալներով։
«Ինչպե՞ս կարող եք նման բան ասել․ դա ճիշտ չէ»,-պատասխանել է Ալիևան։ Նա խորհուրդ է տվել լրագրողին` «ճիշտ տեղեկություններ ձեռք բերել»։
Այնուհետև լրագրողը մեկնաբանություն է խնդրել իրավապաշտպան Լեյլա Յունուսի և Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության վերաբերյալ: Որևէ պատասխան չի հետևել: Առաջին տիկինը մեջքով շրջվել է դեպի լրագրողը, իսկ անվտանգության աշխատակիցները հեռացրել են հարց տվողին:
«Ճիշտ տեղեկատվության» համար, հավանաբար, տիկին Ալիևան և նրա ամուսինը՝ նախագահ Իլհամ Ալիևը պետք է կարդան սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձևը։
Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը «վերջին մի քանի տարիներին շարունակաբար վատթարացել է»` հաշվի առնելով իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ «աճող վախի մթնոլորտը և գործի դրվող բռնությունները»:
«2006 թվականից ի վեր խաղաղ ցուցարարներին արգելվել է ցույցեր անցկացնել Բաքվի կենտրոնում»,- նշված է բանաձևի մեջ, և լրագրողները ենթարկվել են «շարունակական սպառնալիքների և հետապնդումների», որոնց թվին է պատկանում նաև «Մեյդան հեռուստաընկերություն» առցանց լրատվական գործակալության հիմնադիր Էմին Միլլին։
Էլի՞ «ճիշտ տեղեկատվության» կարիք ունեք։ Ադրբեջանը վերջերս ստիպել է փակել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակները՝ լռեցնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների մոնիտորինգի հերթական կարևոր աղբյուրը։
Ըստ Եվրոպական խորհրդարանի՝ «վերջին տասը տարիների ընթացքում ամբողջ Եվրասիայի տարածաշրջանում Ադրբեջանը ժողովրդավարական կառավարման առումով մեծագույն անկումն է արձանագրել»։ Իսկ Ադրբեջանի հետ Եվրոպական Միության՝ մարդու իրավունքների ոլորտում երկխոսությունը «որևէ էական առաջընթացի չի հանգեցրել»։
Ադրբեջանի վարկանիշի վերաբերյալ մեղադրական նման եզրակացության հրապարակումից մեկ օր անց Բաքվի կառավարությունը չեղյալ է հայտարարել Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության այցը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը։
Դրանից մի քանի օր անց նախագահ Ալիևը Բաքվում հանդիպել է դպրոցականների հետ: Ալիևը հայտարարել է, որոշ արտաքին թշնամիներ «ցանկանում են հպատակեցնել Ադրբեջանին, ստիպել մեզ ապրել իրենց կարգադրություններով»։
Նախագահ Ալիևը նաև հավելել է, որ «այսօր Ադրբեջանը լավ ձեռքերում է գտնվում, որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, ազդել մեր քաղաքականության վրա»։
Անդրադառնալով Եվրոպայում փախստականների ճգնաժամին՝ ադրբեջանցի «ամենակարողը» հարց է ուղղել եվրոպացիներին. «Որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը և բարությունը, մեծահոգությունը, որտե՞ղ են ձեր արժեքները»։
Նախագահ Ալիևը վաղուց հավատում է, որ երկրի ներսում կարող է ճնշել այլակարծությունը, պայքարել արտաքին քննադատության դեմ։ Նա նաև միլիոնավոր դոլարներ է շռայլում արտերկրում բարի կամքի դրսևորման ուղղությամբ։ Ավելի շատ միլիոններ են ծախսվել այս տարի Բաքվում Եվրոպական խաղերն անցկացնելու համար, որի ժամանակ մարզիկներն անհոգ կերպով անտեսեցին են մարդու իրավունքների ոտնահարումները։
Սակայն պարոն Ալիևը չի կարող երկար դիմանալ։ Լեյլա Յունուսի և նրա ամուսին Արի Յունուսի, ինչպես նաև Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սարսափելի վերաբերմունքը մեծ ուշադրության են արժանացել ողջ աշխարհում, ինչը չի կարող քողարկվել Փարիզում լուսանկարչական գերժամանակակից ցուցահանդեսով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում