Ալիևի «բարի կամքի» արդյունքում են Հայաստանի բնակավայրերը հաղորդակցվում միմյանց հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը բարի կամք է ցուցաբերում՝ կապված տարածաշրջանում, մասնավորապես Ղարաբաղում հումանիտար խնդիրների հետ։ Այս մասին գրում է interfax-ը։
«Ադրբեջանը բարի կամք է ցուցաբերում մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցերում: Հաշվի առնելով իրադարձությունների հետագա զարգացման հումանիտար ասպեկտը, ինչպես գիտեք, մենք ապահովում ենք անարգել հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի միջև ճանապարհի երկայնքով, որը գտնվում է ազատագրված տարածքներում, այս ճանապարհի ավելի քան 20 կիլոմետրն այսօր ՀՀ քաղաքացիների օգտագործման տակ են: Եվ դրանում ոչ մի խոչընդոտ կամ դժվարություն չկա: Սա նաև ադրբեջանական կողմի բարի կամքի դրսեւորում է», - ասել է Ալիևը` Բաքվում ընդունելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Ալիևը նշել է, որ ռուսական կողմի առաջարկով և Ադրբեջանի համաձայնությամբ մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան գազ է տեղափոխվել Ադրբեջանի տարածքով` կապված վերանորոգման աշխատանքների հետ:
«Դա ևս բարի կամքի դրսևորում էր՝ ուղղված հետկոնֆլիկտային իրավիճակի նորմալացմանը: Նման բազմաթիվ օրինակներ կան: Ես պարզապես կցանկանայի ասել, որ մենք, մեր կողմից, ոչ միայն խոսքով, բայց և գործով անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետկոնֆլիկտային իրավիճակն ընթանա հանգիստ մթնոլորտում, առանց նյարդայնության և հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ապագա հարաբերությունների կառուցման անհրաժեշտությունը՝ հիմնված կայունության և կանխատեսելիության վրա»,-ասել է Ալիևը։
Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ասել է Ալիևը։
«Վերջերս երեք երկրների (Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան – խմբ․) փոխվարչապետերի եռակողմ հանդիպումն էր, որին, կարծում եմ, կարևոր քայլեր են արվել՝ համատեղ հայտարարության կարևոր կետի իրագործման ուղղությամբ՝ տրանսպորտային միջանցքների բացման: Մենք ակտիվորեն աշխատում ենք երկաթուղային ենթակառուցվածքների և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ», - ասել է Ալիևը:
Ալիևի գնահատականներով, հետկոնֆլիկտային իրավիճակը թելադրում է սերտ շփումների անհրաժեշտություն բոլոր մակարդակներում:
«Այս ամենը բերում է նրան, որ մենք դիտում ենք դրական զարգացում, անվտանգության ամրապնդում, կայունության ամրապնդում, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազագույնի են հասցվում և ձգտում նրան, որ շրջենք այս էջը՝ մեր պատմության սև էջը», - ասել է Ալիևը, հավելելով, թե Բաքուն դրան պատրաստ է:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Արցախում ռևանշի մասին հայտարարությունները Հայաստանի համար «վտանգավոր» է անվանում
- Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը. ՄԻՊ
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
- Արթուր Դանիելյան. Շուտով Հայաստանում սկսվելու է Սյունիքը տարանջատելու պրոպագանդա