Լավրով․ Հայաստանը նացիզմի հերոսացման անթույլատրելիության մասին ՄԱԿ-ում ընդունվող բանաձևի համահեղինակներից է
«Նեոնացիզմի, նացիստների հերոսացման փորձերի հետ կապած, մեր դիրքորոշումը հստակ է։ Որտեղ էլ այն տեղի ունենա, մենք վճռականորեն դատապարտում ենք այն»,- այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Հայաստանում նացիստների հերոսացման մասին» հարցին։
Լավրովի խոսքերով, այս առումով խնդիր են տեսնում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի տարածքում, մասնավորապես, Բալթյան երկրներում, Ուկրաինայում, այս կառույցների մի քանի այլ երկրներում։
«Հենց Ռուսաստանը նախաձեռնողն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվող ամենամյա բանաձևի՝ նացիզմի հերոսացման անթույլատրելիության մասին։ Ի միջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանն այս բանաձևի համահեղինակներից են, այնպես որ, կարծում եմ, այստեղ հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա»,- ասաց Լավրովը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն առիթն օգտագործելով, Հայաստանին մեղադրեց նացիզմի, քսենոֆոբիայի, արմատական ազգայնականության մեջ, ասելով, որ Հայաստանում գոյություն ունի Գարեգին Նժդեհի պաշտամունք։ Հիշեց ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ասելով, թե «այս երկրում գոյություն ունի միջազգային ահաբեկիչների հերոսացում», նշեց փետրվարին Երևանում Հոլոքոսքի հուշարձանի պղծումը, որպես անհանդուրժողականության օրինակ՝ Մահաթմա Գանդիի արձանի արյումը։